ՌԱԴԻՈ

Մակարյան. «Գործազրկության 2.5 տոկոս նվազման համար եղել են իրական հնարավորություններ»

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ գործազրկության նվազման վրա ազդող գործոնները մի քանիսն են։ Նա այդ գործոնների մասին խոսել է Sputnik Արմենիայի եթերում։
Sputnik
Մակարյան. «Գործազրկության 2.5 տոկոս նվազման համար եղել են իրական հնարավորություններ»

Գործազրկության նվազման համար պետք է լինի տնտեսության զարգացում, որպեսզի գործատուները հետաքրքրված լինեն նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում և ներդրումներ անեն՝ նվազեցնելով գործազրկությունը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Աշխատիր Հայաստան. Կառավարությունը որոշել է կրճատել գործազրկությունը

Նրա փոխանցմամբ՝ վերջին մեկ տարում խթանվել է փոքր ու միջին բիզնեսը, և շատ մարդիկ ուղղակիորեն դիմում են մասնավոր սեկտորին, որն անմիջականորեն կապ ունի զբաղվածության հետ: Քանի որ փոքր ու միջին բիզնեսի դերակատարությունը հարկերի վճարման կամ համախառն ներքին արդյունք ստեղծելու հարցում այդքան մեծ չէ, և միկրո, փոքր բիզնեսներն առանձնապես զբաղված են իրենց ամենօրյա աշխատանքով ու ստեղծում են որոշակի եկամուտներ, ապա այստեղ այս սեկտորն աշխատատեղերի առումով ունի որոշակի դերակատարություն:

Շատ կարևոր ազդեցություն ունի նաև զբոսաշրջությունը, որի ցուցանիշները նախկին ժամանակաշրջանի համեմատ աճել են Հայաստանում, ինչը նշանակում է, որ բավականին աշխուժացել է ծառայությունների ոլորտը: Արդյունաբերական վերամշակող ձեռնարկությունների առաջխաղացումը նույնպես էական ազդեցություն ունի գործազրկության ցուցանիշի վրա:

Մակարյանը կարևորում է նաև մարզային այցերը։ Օրինակ՝ «Իմ քայլը հանուն տվյալ մարզի» նախաձեռնությունը ոգևորիչ է տեղերում ինչ-որ բան նախաձեռնելու առումով, այդ թվում հատկապես երիտասարդների շրջանում:

«Երիտասարդներն առանց վախենալու նոր բիզնեսներ են բացում, տեսեք` սարսափների ինչպիսի մեծ գեներացիա կա մասնագիտացված, դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: Այնպես որ գործազրկության 2.5 տոկոսով նվազման համար եղել են իրական հնարավորություններ»,- նշում է Մակարյանը:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից Հայաստանում գործազրկության էական նվազում է գրանցվել: Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով։ Մեր երկրում գործազրկությունը կազմում է 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով։

Աշխատանք կա, փող չկա. ո՞րն է հայաստանյան գործազրկության գաղտնիքը