Գևորգ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ ՀՔԾ. Սասուն Խաչատրյան

Գրոևգ Կոստանյանն այս պահին Հայաստանում չէ։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնեց, թե որտեղ է այժմ գտնվում նա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 Հոկտեմբեր — Sputnik. Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Գևորգ Կոստանյանը կխոսի Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման մասին. «Հրապարակ»

«Որքանով հայտնի է ինձ՝ Կոստանյանն այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։Նա խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ ՀՔԾ»,–ասաց նա։

Խաչատրյանը նշեց նաև, որ որևէ այլ մանրամասներ այս պահին հայտնել չի կարող։

Այն մասին, որ Կոստանյանը մարտի 1–ի գործով հրավիրվել է հարցաքննության, Հատուկ քննչական ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին դեռ մեկ ամիս առաջ` նշելով, որ Կոստանյանն արտերկրում է և կվերադառնա 15-20 օրից։

Հիշեցնենք` Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի անունը շոշափվում էր ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում։

Փորձ է արվում Մարտի 1–ի քրգործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավել. Կոստանյան

Ըստ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը պահանջել են հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Արձագանքելով այդ մեղադրանքներին` Կոստանյանը մամուլին ասել էր, որ մարտի 1-ի զոհերի համար իրական մեղավորներին գտնելու անկարողությունը քողարկելու նպատակով իշխանությունը փորձում է քրգործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավել` արդյունավետ գործունեության պատրանք ստեղծելու համար։