Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսման գործով կան մի շարք բացահայտված հանգամանքներ. ՔԿ նախագահ

ՔԿ նախագահը վստահեցնում է, որ յուրաքանչյուր գործով կատարվում է օբյեկտիվ քննություն՝ անկախ այն հանգամանքից` որևէ մեկը պաշտոնավարում է, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով կան մի շարք բացահայտված հանգամանքներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով գաղտնալսման գործին:

Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժեշտ կտա՞ պաշտոնին. պատասխանում է Հայկ Գրիգորյանը

«Յուրաքանչյուր գործով կատարվում է օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն՝ անկախ այն հանգամանքից` որևէ մեկը պաշտոնավարում է, թե ոչ: Մենք մինչ այս էլ հայտնել էինք, որ մեզ հայտնի է վայրը` որտեղից տարածվել է գաղտնալսումը և այս պահին ավելին ասել չենք կարող։ Նախաքննությունն իր բնականոն հունով ընթանում է»,–ասաց նա։

Հարցին` Արթուր Վանեցյանը հայտարարել էր, թե բոլորին հայտնի է` ովքեր են գաղտնալսումը պատվիրել և մնում է ապացուցել դա, արդյո՞ք Գրիգորյանն էլ է այդ կարծիքին` վերջինս պատասխանեց, որ ՔԿ–ն  իր գործունեության ընթացքում երբեք այդպիսի հայտարարություն չի արել։

Գաղտնալսող սարքեր Հայաստան չեն ներկրվում. Վանեցյան

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ` 2018–ի սեպտեմբերի 11–ին, համացանցում հայտնվել էր Վանեցյանի և Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Նրանք 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Հայտնի է` ով է պատվիրել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումները

Վանեցյանը հատուկ քննչական ծառայության ղեկավարին պատմում էր դատավորի հետ զրույցի մասին, որին հրահանգ էր տրվել ամեն գնով «նստեցնել» Քոչարյանին։ Այնուհետև անցնում էին Խաչատուրովին։ ԱԱԾ պետն ասում էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու վտանգ կա։

Նշենք, որ այս տարի` սեպտեմբերի 18–ին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ազատվեց աշխատանքից։