Ինչն է նորություն Սարհատ Պետրոսյանի դիմումի մեջ Ավինյանի համար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ենթադրությունն է հայտնել, թե ինչից կարող էր հիասթափված լինել կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համար նորություն էր կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրաժարականի դիմումի բովանդակության որոշ հատվածներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ավինյանը` անդրադառնալով հոկտեմբերի 18–ին Պետրոսյանի հրաժարականին ու դրա մասին ներկայացրած նրա պարզաբանմանը։

Վստահ եմ, որ ՍԴ–ն այս պահին լեգիտիմության խնդիր ունի. Տիգրան Ավինյան

Հայտնել էինք, որ Պետրոսյանը գրել էր, որ այլևս չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել է միշտ։ Նա նաև հայտնել էր, որ քաղաքաշինության բնագավառում հետընթաց կա՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների։

«Ես խոսել եմ Պետրոսյանի հետ մինչև դիմումը գրելը, և նա ներկայացրել է իր հակասությունները նախկին և ներկա քաղշինի ղեկավարների հետ։ Պետրոսյանի հայտարարության` «կոռումպացվածության հասնող թայֆայականության» հատվածն ինձ համար նորություն էր, քանի որ ինձ հետ հանդիպման ժամանակ նա նման հարց չի առաջադրել»,–ասաց փոխվարչապետը։

Այդ մարդը մի քիչ իր տեղում չէր. Քաղաքաշինության կոմիտեի նախագահը` Սարհատ Պետրոսյանի մասին

Ընդհանուր առմամբ, ըստ նրա` Պետրոսյանի տրամաբանությունն իր համար ընդունելի չէ, քանի որ դա նույնն է, ինչ առողջապահության նախարարը հրաժարական տա, ինչ է` չի համաձայնում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ։

Ավինյանի խոսքով` կադաստրի կոմիտեն հստակ գործառույթներ ունի, և կոմիտեի նախագահի պաշտոնը հնարավորություն չէր տալիս քաղաքաշինության ոլորտում որոշակի գործունեություն ծավալել։ Ավինյանը ենթադրում է` Պետրոսյանը հենց սրանից էլ հիասթափված է։

Մարջանյան. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը սենսացիա չէ»

Հարցին` արդյո՞ք Ավինյանը տեսնում է իր մեղքի բաժինը Պետրոսյանի հրաժարականի առնչությամբ, նա պատասխանեց` ոչ, քանի որ նրա դիմումն անհասկանալի էր իր համար։

Մեկ այլ հարցի` հնարավո՞ր է, որ Պետրոսյանն այլ պաշտոնի անցնի, փոխվարչապետը պատասխանեց` նման հարց չի քննարկվել։

«Անկախ այս ամենից, ես Պետրոսյանի աշխատանքը բավականին դրական եմ գնահատում»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Պետրոսյանը հրաժարականի հայտարարության մեջ ներկայացրել էր ամբողջ եղելությունը և նշել, որ այն ունի միայն մասնագիտական պատճառներ՝ տարվող ոլորտային քաղաքականությամբ պայմանավորված և, որ ոչ ոք չփորձի այնտեղ ինչ-ինչ քաղաքական նկատառումներ կամ ընտանեկան-ազգակցական կապերով պայմանավորված պատճառներ փնտրել: