Ձկները փախել են, փողերը` յուրացվել. Սևանի իշխանի ծրագրով քրգործ է հարուցվել

Իշխանաբուծության հանրահայտ ծրագրի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության բացահայտած փաստերի հիման վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Սևանա լճում «Իշխան» ձկնատեսակի պաշարների վերականգնման ծրագրի անվան տակ 2 մլրդ դրամից ավելի պետական միջոցներ են փոշիացվել։ Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Սևանի իշխանի պաշարների վերականգնման հիմնադրամը բյուջեին 3 միլիարդից ավելի վնաս է պատճառել

Բացահայտումն արել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը`«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի և վերջինիս հիմնադրած «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲԸ–ներում կատարած վերահսկողության արդյունքում։

Այս ընկերություններին 2013-2018թթ. պետական բյուջեից հատկացվել է շուրջ 9 մլրդ դրամ։

«Դրա մի մասը տարատեսակ գործարքների և սխեմաների կիրառմամբ կամ յուրացման, վատնման եղանակով հափշտակվել է, կամ փոշիացվել անհիմն ու աննպատակ ծախսերի միջոցով»,– հայտնում է դատախազությունը։

Մասնավորապես` «Սևանի իշխան» ՓԲԸ–ին 2015թ. նոյեմբերին հատկացվել է 180 մլն դրամ` 200.000 մանրաձուկ մատակարարելու համար։ Բայց ձկներն այդպես էլ տեղ չեն հասել, քանի որ մանրաձկան գործարանն ու ցանցավանդակային տնտեսությունները պատրաստ չեն եղել։

Որոշվել է ձկներն ի պահ հանձնել այլ ընկերության, որին վճարվել է հավելյալ 151.2 մլն դրամ, իսկ ձկների մեծ մասը սատկել է։ 200.000 մանրաձկից կենդանի է մնացել միայն 99.772-ը։

«Սևան ակվա» ՓԲԸ 2016թ. դեկտեմբերին ուկրաինական ընկերության հետ կնքել է կատամարանի կառուցման պայմանագիր` 319 000 ԱՄՆ դոլար (154.7 մլն դրամ) արժեքով։

Սևանի խնդիրը երկսայր սուր է. կկարողանա՞ իշխանությունը գտնել ոսկե միջին լուծումը

Կառուցման ընթացքում կնքված լրացուցիչ համաձայնագրերով պայմանագրի գինը դարձել է 470 000 ԱՄՆ դոլար, իսկ ավարտի ժամկետը 3 անգամ երկարացվել է` հասցվելով 17.03.2019թ.։

Բացի այդ, կատամարան ջրի մեջ իջեցնելու և ՀՀ տեղափոխելու համար ուկրաինական ընկերությանն անհիմն վճարվել է ևս 110 հազար ԱՄՆ դոլար (53.3 մլն դրամ)։ Բայց նույնիսկ այդքանից հետո կատամարանն այդպես էլ չի հասել Հայաստան։ Բայց «Սևան ակվան» ոչ մի միջոց չի ձեռնարկվել, գումարներն էլ հետ չի պահանջել։

2017թ. ապրիլին «Սևան ակվայի» ցանցավանդակները վնասվել են, 425 մլն դրամի ձուկ է փախել ու 97 մլն դրամի ցանցավանդակի դետալներ են վնասվել ու կորել։

Ընկերությունը մեկնաբանել է, որ այդ ամենը տեղի է ունեցել ձմռանը, երբ Սևանա լիճը սառել է, և ուժեղ քամու պատճառով սառցաշերտը տեղաշարժվել ու վնասել է ցանցավանդակները։

Մասնագետներին, սակայն, այս փաստարկը չի բավարարել, քանի որ ցանցավանդակների շահագործման տեխնիկական կանոնակարգերում այդ ռիսկը հաշվարկված է եղել։

Պարզվել է նաև, որ Կարճաղբյուր համայնքում ձկան վերամշակման գործարան կառուցելու համար «Սևանի իշխան» ընկերությունն ավելի քան 733 մլն դրամի պայմանագիր է կնքել այլ ընկերության հետ։ Շինաշխատանքները մինչ օրս չեն ավարտվել, շենքը կիսակառույց է ու որևէ նպատակով չի օգտագործվում։

Մինասյան․ «Պիտի ավտոմատով կանգնեն, որ Սևանի իշխանը գնա ձվադրման, գա»

«Սևանի իշխան» ընկերությունը գովազդի նպատակով հիմնվել և 2015թ. նոյեմբերից 2017թ. մարտ ամիսը Երևան քաղաքի Սարյան փողոցում աշխատացրել է «Պեպո» խանութ-խորտկարանը` դրա համար ծախսելով 129.6 մլն դրամ։ Իսկ գրանցված եկամուտները կազմել են 32.3 մլն դրամ։

Արդյունքում Սևանի ձկնապաշարները վերականգնելու նպատակով ստեղծված այս երեք ընկերությունները 2015-19թթ–ի ընթացքում  վատնել ու հափշտակել են ավելի քան 1 մլրդ դրամի բյուջետային միջոցներ, պետության շահերին հասցրել են շուրջ 1.3 մլրդ դրամի վնաս։

Պետական վերահսկողական ծառայության այս բացահայտումների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը), 214-րդ հոդվածի 2-րդ մասի (լիազորությունները չարաշահելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասի (փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեին: