ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Կրասնոյարսկի Կուրագինսկի շրջանում ոսկու հանքի ամբարտակի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել, չորս մարդ վնասվածքներ են ստացել։ Դեպքի վայրում փրկարարական ու որոնողական աշխատանքները շարունակվում են։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ չորս տուժածներին Կրասնոյարսկի երկրամասային հիվանդանոց են տեղափոխել։
«Կուրագինսկի շրջանից չորս վիրավոր է բերվել։ Նրանց վիճակը միջին ծանրության է», - ասել է գործակալության աղբյուրը հիվանդանոցում։
Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինսկի շրջանի տվյալ հանքի գլխավոր տնօրենին այսօր կկանչեն հարցաքննության։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի իրավապահ մարմինների աղբյուրը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ շաբաթ գիշեր Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինսկի շրջանի Շչետինկինո ավանի մոտակայքում փլուզվել է Սեյբա գետի ոսկի արդյունահանող հանքի ամբարտակը։ Աշխատանքային ավանում ջրի տակ են մնացել ժամանակավոր երկու հանրակացարանները։ 15 մարդ մահացել է, վեցի ճակատագիրն անհայտ է։