ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս չեն հանվելու խնամքի տնից։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` նշելով, որ այդ մասին տարածված լուրերը «կեղտոտ մանիպուլյացիայի արդյունք ու չեն համապատասխանում իրականությանը»։
««Գյումրու տուն-ինտերնատ»-ում մատուցվող ծառայություններն արտապատվիրակվելու են բարեգործական կազմակերպության: Սա նշանակում է նույն տեղում, նույն մարդկանց համար խնամք կազմակերպել` ներգրավելով նաև նոր ներդրումներ»,– գրում է նախարարը։
Զարուհի Բաթոյանը նաև հայտնում է, որ տուն–ինտերնատի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ փոխնախարարը նախապես տեղեկացրել է, որ ընտրված կազմակերպության համար պայման է սահմանվելու, որ աշխատակազմ ընտրելիս առաջնահերթություն տան ներկայիս աշխատակիցներին:
«Մենք շարունակելու ենք բարեփոխումները հանուն մեր տատիկների և պապիկների, իսկ նրանք, ովքեր այս գործում անձնական շահ կհետապնդեն, կարժանանան համապատասխան վերաբերմունքի՝ օրենքով սահմանված կարգով»,– գրել է նախարարը։
Հիշեցնենք` փոխնախարարի հետ հանդիպումից հետո լուրեր էին տարածվել, որ տուն–ինտերնատը գործելու է մինչև 2019թ–ի դեկտեմբերի 31-ը։ Այս լուրը հատկապես ցավագին էին ընդունել տուն– ինտերնատի բնակիչները, որոնցից մի քանիսը հացադուլ էին հայտարարել` պահանջելով չեղարկել լուծարման որոշումը։
Նշենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած «Գյումրու տուն-ինտերնատ պետական ոչ առեւտրային կազմակերպությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախատեսվում է լուծարել տուն-ինտերնատը և տարեցներին մատուցվող շուրջօրյա խնամքի ծառայությունները պատվիրակել ոչ պետական կազմակերպության, որն ընտրվելու է մրցութային կարգով։
«Լավ օրից չենք այստեղ». Նորքի տուն-ինտերնատի անկողնային հիվանդներն այլևս խնդիր չեն ունենա
Կառավարությունը գործընթաց է սկսել, որի արդյունքում այսօր պետական ֆինանսավորմամբ գործող նմանատիպ հիմնարկների գործառույթները նախատեսվում է մրցութային կարգով փոխանցել ոչ պետական կազմակերպություններին։