«Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով». Երևանի քաղաքապետի խոսնակ

Հակոբ Կարապետյանը նշել է, որ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների հավաստիությունը ցույց կտա հետաքննությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է հոկտեմբերի 19-ի երեկոյան Մատենադարանի հետնամասում բռնկած հրդեհի պատճառների շուրջ ծավալվող խոսակցություններին: Նա հերքել է լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկությունները, թե հրդեհի պատճառը «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների ավարտին կազմակերպված տոնական հրավառությունն է եղել։

«Կարծես թե երեկվա տոնական օրվանից հետո հրդեհի հետ կապված պատմություն է եղել ցանցում, որը որոշ լրատվամիջոցներ փորձել են կապել տոնական հրավառության հետ։

«Վերջնական եզրակացությունը թողնելով հետաքննությանն ու ԱԻՆ-ի մեր գործընկերներին՝ էս պահին կարող եմ տեղեկացնել, որ հրավառության ժամանակ ԱԻՆ-ի ստորաբաժանումները հսկողություն են իրականացրել տեղում, և ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով»,- գրել է նա։

Հրդեհ` Երևանի բնակարաններից մեկում. կա զոհ

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 19-ին, ժամը 22։06-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ Մատենադարանի հետնամասում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հայաստանի անտառներում հրդեհներ են. մեղավորը չոր աշո՞ւնն է, թե դիտավորյալ են այրում

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 23:03-ին, մարվել՝ 23:31-ին: Այրվել էր մոտ 4000 քմ խոտածածկույթ և 5 ծառի կոճղ: