ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Երևանում լույս տեսավ աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասիի ինքնակենսագրական գրքի հայկական տարբերակը։ Գիրքը կոչվում է «Անկեղծորեն»։ Թենիսի աստղն այն հրապարակել է ԱՄՆ-ում 2009 թվականին։ Գիրքը հենց նույն տարում թարգմանվել է ռուսերեն ու իսպաներեն, իսկ ահա հայերեն թարգմանությունը ընթերցողին է հանձնվում տասը տարի անց։
Գրքի առանցքային թեմաներից է Աղասիի հավերժ կոնֆլիկտը հոր՝ Էմանուիլ Աղասիի հետ, որը Իրանից գաղթած հայ է։ Ավագ Աղասին բռնցքամարտիկ էր ու որդու ծննդյան օրվանից երազում էր, որ նա հաջողակ սպորտային կարիերա ունենա։ Նա որդու համար ընտրել էր մեծ թենիսն ու երեք տարեկանից ստիպում էր Անդրեին օրական չորս ժամ պարապել։
14 տարեկանում Անդրե Աղասին նվաճել է իր առաջին ազգային տիտղոսն ու պատանիների շարքում դարձել է ԱՄՆ-ի չեմպիոն։ Սակայն հայրը չէր դադարում որդուց ավելին պահանջել ու ընդհանրապես բուռն խառնվածք ուներ, որը և ժառանգել է նրանից կրտսեր Աղասին։
«Մամ, - ասում են նրան, նայելով խանութի ցուցափեղկից՝ ինչպես է զայրացած հայրը մեկ հարվածում սեղանին, մեկ թափահարում ձեռքերը, - ինչպե՞ս ես դիմանում այս ամենին այսքան տարի։
- Էհ, չգիտեմ, չգիտեմ։ Մեր բախտը բերել է, որ նրան մի տեղ չեն սպանել։ Կամ բանտ չեն նստացրել։
Նայում եմ մորս ու մտածում․ կուզենայի հորս ջղայինության հետ մի փոքր մորս հանգստությունից ժառանգել»։
Սա ինքնակենսագրականի հատվածներից է ու հայերենի թարգմանչի՝ Լուսինե Կոշեցյանի սիրելի պահերից մեկը։ Գիրքը թարգմանչի կարիերայի ընթացքում առաջին սպորտային աշխատանքն է ու այն մեծ դժվարությամբ է կատարվել։
«Օրերով Գուգլում էի, մանրամասն կարդում էի թենիսի կորտերի, հարվածների ու մատուցումների տեսակների մասին։ Մտածում էի՝ թենիսիստներն ինչպես պատահի հարվածում են գնդակին։ Պարզում է՝ ձախից մատուցումը սկզբունքորեն տարբերվում է աջից մատուցումից», - ծիծաղում է Կոշեցյանը։
Թարգմանչի կարծիքով՝ այս գիրքը ո՛չ սպորտի, ո՛չ էլ թենիսի, այլ հոգեկան ու ֆիզիկական ապրումների մասին է։
Աղասիի պապը՝ Դավիթ Աղասին, ծնվել է Կիևում, հետո գաղթել է Իրան՝ վախենալով թուրքական ջարդերից, փոխել է ազգանունն ու ավելի աննկատ Աղասի դարձել։ Թենիսիստի տատը՝ Նունիան, Թուրքիայի հայուհի էր։ Անդրե Աղասիի միջին անունը Քըրք է՝ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի պատվին։
Աղասին երբեք Հայաստանում չի եղել, սակայն Twitter-ի իր էջում բազմիցս աջակցել է Հայաստանի օգտին աշխատող բարեգործական ընկերություններին, նաև միացել է ամբողջ աշխարհի հայերի ֆլեշմոբին, որոնք պահանջում են, որ Թուրքիան, ԱՄՆ-ն և այլ երկրները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։
Աղասին հայտնի բարեգործ է, Լաս Վեգասում կրթական հիմնադրամ ու սպորտային ակումբ է ստեղծել, որտեղ ավելի քան երկու հազար տղաներ և աղջիկներ անվճար թենիս են պարապում։ Հաշվի առնելով Աղասիի բարեգործ լինելը, նրա գիրքը լույս է տեսել «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության շրջանակում։ Իսկ դրանից ստացած եկամուտը բարեգործության է ուղղվելու։