Գրիպի սեզոնը սկսվել է. ի՞նչ են կանխատեսել մասնագետները

Առողջապահության նախարարության մասնագետը վստահեցնում է, որ այս պահին գրիպի շրջանառվող հարուցիչ չկա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերր - Sputnik. Մասնագետները կանխատեսում են գրիպի առաջիկա սեզոնը (հոկտեմբերից մինչև մայիսը ներառյալ) կանցնի համեմատաբար հանդարտ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Ինչպես երեխային զերծ պահել սուր շնչառական վարակներից. մանկաբույժի խորհուրդներ

«Այս սեզոնին գրիպի սպասվող տեսակներն ու ենթատեսակները կլինեն A(H1N1)_ն A(H3N2)_ն և B_ն. այդ տեսակներին Հայաստանում արդեն ծանոթ են, դրանք մշտապես շրջանառվող տեսակներն են։ Մասնագետները հայտնում են, որ այս տարի գրիպի շրջանառության համաճարակային վիճակը բավական հանգիստ կլինի, սակայն այդ կանխատեսումները, բնականաբար, դեռ վերջնական չեն»,֊ասաց նա։

Թորոսյանի խոսքով՝ ամեն տարի գրիպի սեզոնն իր առանձնահատկությունն է ունենում՝ ավելի շատ տարածվելով ինչ֊որ մարդկանց խմբում՝ երեխաների, հղիների, տարեցների։ Սակայն այս տարվա համար դեռևս կանխատեսումներ չկան։

Նա հավաստիացրեց նաև, որ այս պահին գրիպի շրջանառվող հարուցիչ չկա:

Նկատառմանը, թե մանկական հիվանդանոցներում բավական շատ են հոսպիտալացված երեխաները և տեղյա՞կ են, թե ինչով է պայմանավորված սա՝ Թորոսյանը պատասխանեց, որ հանրապետությունում շնչառական վարակների ակտիվություն է նկատվում։

Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. մասնագետը տվյալներ է ներկայացնում

«Միշտ էլ վիրուսների տարածման ժամանակ առյուծի բաժինը հենց երեխաներին է բաժին հասնում։ Արտակարգ որևէ բան չկա՝ իրավիճակը սեզոնին համահունչ է»,֊ասաց նա։

Նա հայտնեց նաև, որ գրիպի սեզոնը սկսվում է տարվա 40-րդ շաբաթից և շարունակվում մինչև հաջորդ տարվա 20-րդ շաբաթը, ինչը համընկնում է հոկտեմբերից մայիս ամիսներին:

Ո՞ր երկրից են վիրուսները գալիս Հայաստան. գլխավոր վարակաբան

Հիշեցնենք, որ գրիպի կանխարգելման համար անհրաժեշտ է պատվաստվել, սա հատկապես վերաբերում է խոցելի խմբերին (երեխաներ, հղիներ, մեծահասակներ)։ Բացի այդ, անհրաժեշտ է պարբերաբար լվանալ ձեռքերը, օդափոխել սենյակները, սեզոնին համապատասխան հագնվել, իսկ հիվանդանալու դեպքում մնալ տանը։