«Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր». ՀՀ նախագահը շնորհավորել է քաղաքի օրը

Երևանը միայն արտաքուստ է քարի քաղաք: Երևանը ներողամիտ է նույնիսկ նրա հանդեպ, ով նեղացած կամ տխուր է հեռացել՝ մեկ օր, մեկ ժամ, մեկ տարի կամ երեսուն տարի առաջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik. Քաղաքամայր Երևանի հիմնադրման 2801-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Երևանը 2801 տարեկան է. երբ և ուր գնալ տոնը վայելելու

Նախագահը նշել է, որ Երևանն ամենայն հայոց մայրաքաղաքն է, որը բոլոր հայերինն է՝ աշխարհի որ կետում էլ նրանք գտնվելիս լինեն: Սարգսյանը վստահ է, որ Երևանի պատմամշակութային ժառանգությունը պետք է պահպանել ու փոխանցել սերնդեսերունդ՝ որպես հպարտություն, որպես ազգային կենսունակության վկայություն, ոգեշնչման անփոխարինելի աղբյուր:

«Երևանը կարելի՛ է սիրել և պե՛տք է սիրել նաև նրա հանդեպ հոգատար ու սրտացավ լինելով: Երևանը միայն արտաքուստ է քարի քաղաք: Իրականում այն չափազանց նուրբ է ու զգայուն: Երևանը հիշողություն ունի: Երևանը լայնաժպիտ կանչում ու մեծահոգաբար ընդունում է բոլորիս: Երևանը ներողամիտ է, նույնիսկ նրա հանդեպ, ով նեղացած կամ տխուր է հեռացել՝ մեկ օր, մեկ ժամ, մեկ տարի կամ երեսուն տարի առաջ: Երևանն այսօր ևս մեկ էջ է ավելացնում շուրջ երեքհազարամյա իր պատմությանը»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Հայկ Մարությանը սիրո խոստովանություն է արել Երևանին

Նախագահը նաև ընդգծել է, որ քաղաքի պատմությունը գրվում է յուրաքանչյուրիս միջոցով՝ հայրենիքում կամ նրա սահմաններից դուրս:

«Սիրե՛նք Երևանը, ամեն Աստծո օր մի միտք, մի երազանք, մի գաղափար հղանանք, դրանք գործ ու իրականություն դարձնենք՝ հանուն Երևանի ու երևանցու, հանուն Հայաստանի և համայն հայության: Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր»,- մայրաքաղաքին ուղղված սիրո խոստովանությամբ ՀՀ նախագահը եզրափակել է իր շնորհավորական ուղերձը:   

Հիշեցնենք, որ այսօր`հոկտեմբերի 19-ին, Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը: Քաղաքի օրն այս տարի կանցնի «Սրտումս Երևան» կարգախոսով։ Այս տարի առաջին անգամ այն հավասարապես կտոնեն վարչական բոլոր շրջաններում: