Հայտնի դերասանուհի և հասարակական գործիչ Չուլպան Խամատովան Sputnik Արմենիայի թղթակցին պատմել է, թե ինչու է Հայաստանն իր համար յուրահատուկ երկիր, ինչու է նա մասնակցում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը։ Զրուցել է Նանա Մարտիրոսյանը։
- Ասում են, որ հաճախ եք գալիս Հայաստան։ Ի՞նչ յուրահատուկ բան կա մեր երկրում։
- Մարդիկ։ Հայերը բացառիկ, զարմանալի, առատաձեռն, երախտապարտ ազգ են։ Միմյանց նկատմամբ սերն ու հարգանքը փոխանցում են բնության, պատմական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքը։ Երևում է, թե ինչպիսի սիրով ու հոգատարությամբ է այդ ամենը պահպանվում։
– Ձեզ հայերեն բառեր սովորեցրե՞լ են։
- Այո, բայց ամեն անգամ մոռանում եմ դրանք։ Մի քիչ բարդ են (ծիծաղում է)։
- Ինչո՞ւ եք մասնակցում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը։
- Ինձ շատ է դուր գալիս «Ավրորայի» կարգախոսը՝ «Երախտագիտությունը՝ ի գործ»։ Հայերը, որոնց հաջողվել է փրկվել, այսօր կարող են աշխարհին առաջարկել իրենց օգնությունը։ Դա հիանալի է։ Այդպես պետք է աշխատի բարության էստաֆետը։ Քեզ օգնել են, օգնիր և դու։ Ես «Ավրորայի» դեսպան եմ, ընդգրկված եմ պայմանական ընտրող հանձնաժողովի կազմում։ Սկզբում վախենում էի, որովհետև մարդկային ողբերգություններ են ներկայացված, և ես վախենում էի այդ ապրումներից։
Բայց այդ պատմությունները և մարդիկ, որոնք փոխում են աշխարհը, հարստացրին ինձ։ Այս նախագծով բուժում եմ հոգիս։ Այն հնարավորություն է տալիս չվհատվել, ուժ գտնել քո մեջ և շարժվել առաջ, որքան էլ դժվար լինի։ Ուրախ եմ, որ այդ թիմի անդամն եմ։
- «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը մի անգամ պատմել է, որ նախագծի ստեղծմանը հարցում նրան ոգեշնչել են անծանոթ մարդիկ, որոնք օգնել են նրան։ Ձեզ հետ նման բան եղե՞լ է։
- Մի անգամ 18-ամյա աղջիկը, որը քաղցկեղով հիվանդ էր, ու նրան անհնար էր բուժել, մի քանի օր ապրեց ինձ մոտ։ Այդ օրերի ընթացքում նա ակցիաներ կազմակերպեց, խնդրում էր կապ հաստատել ընկերուհիների հետ և անպիտան իրերը փոխանցել հիվանդ մարդկանց։ Նա հասկանում էր, որ իրեն քիչ ժամանակ է մնացել, բայց օգնում էր մյուսներին։ Դա լավ դաս էր։ Գնահատել ժամանակը։
«Լավ է լինել տանը». ամերիկահայ միլիոնատեր Օհանյանը հայերեն մի քանի բառ արդեն գիտի
Մարդը, որը փակվում է և հրաժարվում է ընկալել, հաղորդակից լինել ուրիշի վշտին, մահանում է։ Արձագանքելով խնդրանքներին ու ապրումակցելով՝ կարելի է զգալ կյանքը։ Այդ աղջիկը կարևոր ուղերձ թողեց ինձ և աշխարհին՝ գնահատել ժամանակը և կյանքը։ Ապրել այստեղ և հիմա, սիրել այստեղ և հիմա, տալ այստեղ և հիմա։
- Այդպե՞ս է աշխատում ձեր «Նվիրիր կյանք» հիմնադրամը։ Օտար մարդիկ օգնո՞ւմ են միմյանց այստեղ և հիմա։
- Ես տեսնում եմ կարեկցանքի և գթասրտության այն ներուժը, որ կա մարդկանց մեջ։ Անազնիվ մարդիկ այն մի քիչ խեղաթյուրել են։ Նման բան նույնպես լինում է, բայց մարդկանց մեջ ապրում է բարի, գթասիրտ և կարեկից լինելու, մարդ լինելու ցանկությունը։ Հիմնադրամը ստեղծվել է այն հիմքի վրա, որ անծանոթ մարդիկ օգնության ձեռք են մեկնում անծանոթ երեխաներին, ընտանիքներին։ Դա հիմնադրամի և մարդկության գոյության բանաձևն է։
Եթե մենք վերցնենք կոնկրետ մի երեխայի և փորձենք նշել հազարավոր մարդկանց անունները, որոնք մասնակցել են նրա կյանքը պահպանելու գործին, մեզ մոտ չի ստացվի, քանի որ ամեն դեպքում ինչ-որ մեկին բաց կթողնենք։
– Հիմնադրամը շարունակո՞ւմ է գործել Հայաստանում։
– Այո։ Գործում է Հայաստանում, բայց ավելի ինքնուրույն է և ռուսական կողմի ավելի քիչ ներգրավվածությամբ։
- Դուք ասում էիք, որ 90-ականներին ավելի բարդ էր գումար հավաքել բարեգործության համար։ Ինչո՞ւ։ Մարդիկ բարիացե՞լ են։
- Մարդիկ միշտ են բարի եղել։ Դա մարդու բնույթն է։ Ուղղակի պետք է հնարավորություն տալ նրանց, հենց դա է բարեգործության իմաստը։ այնպես անել, որ օգնության գործընթացը հարմար լինի, որ մարդիկ իմանան` իրենց չեն խաբում։ Որ մարդը կարողանա միանգամից օգնել և ամիսներով չսպասի։ Մենք ուղղակի տեխնոլոգիապես առաջ ենք շարժվել։ Բայց ես վստահ եմ, որ 90-ականներին նույնպես մարդկանց մեջ կար օգնելու պահանջ։
- Վերջերս դուք մի կերպար եք մարմնավորել, որը շատերին է օգնել՝ բժիշկ Լիզայի (Ելիզավետա Գլինկա)։ Ձեզ համար բա՞րդ էր։
- Ես չեմ մարմնավորել բժիշկ Լիզային։ Ինձ համար հետաքրքիր էր խաղալ մարդու թեման, որը հետաքրքիր է մյուսների համար։ Նրա ազարտը, աշխուժությունը, սխալները, որոնք նա գործել է։ Ուզում էի վերացնել սրբության շղարշը և նրան ցույց տալ որպես կենդանի մարդ։ Ցույց տալ, որ նա բոլորի նման անկատար է, բայց միաժամանակ կարող է խանդավառությամբ և ազարտով օգնել մյուսներին։
- Ձեր օրը նույնքան հագեցա՞ծ է, որքան բժիշկ Լիզայինը ֆիլմում։
- Այո։ Կարծում եմ, որ դա այդպես է (ծիծաղում է)։