«Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը». Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահին անհանգստացնում է այն, ինչ կատարվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պատրաստ է ստանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը` անտեսելով Թովմասյանի հետ հակասություններն ու բանավեճերը։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու պահից մշտապես խնդիրներ, հակասություններ և բանավեճեր եմ ունեցել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ, Սահմանադրության փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ Հրայր Թովմասյանի հետ, Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի հետ, բայց վերոհիշյալ իրադարձությունները չեն խանգարել պահպանել մասնագիտական հավասարակշռությունը և հարգանքը Հրայր Թովմասյան իրավաբանի նկատմամբ»,– գրել է Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատի նախագահը նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների շուրջ, անհանգստացնող է:

«Եթե մեր երկրում Սահմանադրական դատարանի նախագահն է անպաշտպան, ապա մենք յուրաքանչյուրս վտանգված ենք: Եթե գործադիր իշխանությունը թիրախավորի որևէ անձի, ապա նրան ոչինչ և ոչ ոք չի կարող պաշտպանել:Քրեական հետապնդման գործողությունները հանրային անձանց նկատմամբ պետք է հասարակության համար լինեն հասկանալի, հիմնավորված և արդարացված:Որպես փաստաբան պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի իրավունքների պաշտպանությունը»,– գրել է նա:

Հիշեցնենք` երեկ ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել առ այն, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։ Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին:

ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանին վերաբերող փաստաթղթեր է վերցրել ՀՀԿ գրասենյակից. Աշոտյան

Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Բաբաջանյանը գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումում պնդում էր, որ Թովմասյանը կատարել է օրենքի խախտումներ ՝ այդ պաշտոնը ստանձնելով 2018–ին` առանց ընդունված ընթացակարգի:

Նշենք նաև, որ երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հորական տուն, ՍԴ նախագահի հայրն ու դուստրերն այսօր ԱԱԾ են կանչվել։