Պատերազմ վիրտուալ տիրույթում. ինչպե՞ս Փաշինյանի կայքը հայտնվեց ադրբեջանցիների թիրախում

Պետական հաստատությունների կայքեր կոտրելու դեպքերը նորություն չեն հայ-ադրբեջանական հակամարտությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի կայքը կոտրելու պատճառները պետք է պարզի Ազգային անվտանգության ծառայությունը։ Եվ հազիվ թե մենք իմանանք, թե ինչու և ինչպես է ադրբեջանցի հաքերներին հաջողվել անել դա։ Նման կարծիք Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ադրբեջանական հաքերները տոնի առթիվ կոտրել են հայաստանցիների ֆեյսբուքյան գաղտնաբառերը

Այսօր` հոկտեմբերի 18–ին, ՀՀ կառավարության կայքում հայտնվել է ադրբեջաներեն տեքստ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Վալդայ 2019» համաժողովի նիստում։ Նյութն այսպես են վերնագրել` «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»։ Այն մի քանի ժամ մնացել է կայքում։

«Ադրբեջանում կա այսպես կոչված հաքերային թիմերի «ասոցիացիա», կոչվում է «Anti-armenia team»։ Նրանք «մասնագիտացած» են Հայաստանի վրա, ակտիվորեն զբաղվում են հայկական կայքերի վրա գրոհներով», – ասաց Մարտիրոսյանը։

Նա հիշեցրեց, որ պետհաստատությունների կայքերը կոտրելու փորձը նոր չէ հայ–ադրբեջանական հակամարտությունում։ Այսպես, 2012թ–ին` Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից արտահանձնելուց հետո, հայերը կոտրել են Ադրբեջանի նախագահի, արդարադատության և կապի նախարարությունների կայքերը։ Մարտիրոսյանի խոսքով` մինչ այդ կայքեր կոտրելու խոշոր դեպք է գրանցվել 2000–ականների սկզբին։

Այ քեզ բան․ տպած միսը, խափանումներով աշխատող «խելացի» համակարգերը և «անօդաչու» «կատաֆալկը»

«Ամեն դեպքում բավական տհաճ և տգեղ միջադեպ է։ Բայց պետք է հասկանալ, որ Հայաստանի պետական հաստատությունների կայքերն առաջնահերթ թիրախ են թշնամիների համար», – ասաց Մարտիրոսյանը։

Նշենք, որ ադրբեջանական «Anti-armenia Team»–ը գործում է 2011թ–ից։