ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ–ում հիմնականում ունեցվածքի մասին հարցեր են տվել։ Այս մասին հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի դուստրերի և հոր փաստաբան Հայկ Սարգսյանը:
«Հարցերը հիմնականում վերաբերում էին նրանց` սեփականությամբ պատկանող գույքերին, որոնք ըստ էության, շատ չէին։ Ավագ աղջկա դեպքում դա ավտոտնակ է Կենտրոն վարչական տարածքում, որը նա 2016–ին որպես նվիրատվություն ստացել է իր մորաքրոջ աղջկանից։ Իսկ կրտսեր աղջկա միակ գույքը «Նիսան սենտրա» մակնիշի ավտոմեքենան է, որը նա կրկին նվեր է ստացել մորաքրոջ աղջկանից. վերջինը մշտական բնակության է մեկնել ԱՄՆ և որոշել է իր գույքը նվիրել քույրերին»,–ասաց Սարգսյանը։
Նա մանրամասնեց, որ որոշակի հարց ծագել է ավագ դստերը պատկանող «Նիսան պատրուլ» ավտոմեքենայի վերաբերյալ, որը Ապրիլյան պատերազմի ընթացքում նա նվիրաբերել է Արցախի պաշտպանության բանակին։ Պաշտպանի խոսքով` Հրայր Թովմասյանի գործունեության հետ կապված որևէ հարց չի տրվել դուստերին և հորը:
ՍԴ դատավորները հետևում են զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության
Պատասխանելով ՍԴ նախագահի հոր հարցաննության մասին հարցին` պաշտպան Ամրամ Մակինյանը նշեց, որ Հրայր Թովմասյանի հորը` Վարդան Թովմասյանին ուղղված հարցերը եղել են տանիքի վերաբերյալ: «Երբ է վերանորոգվել, ինչ միջոցներով, պարզ հարցեր, պարզ պատասխաններ են եղել: Վերանորոգվել է 2007 թվականին` Վարդան Թովմասյանի միջոցներով` հարևանների օգնությամբ։ Գյուղում սովորական տուն է, խոսքը դղյակների մասին չէ»,-ասաց նա և նշեց, որ նկարել են և գիտեն ինչ տան կամ ինչ տանիքի մասին է խոսքը:
Իմ հայրն էլ լիներ, ստուգելու էին. Ալեն Սիմոնյանը` Հրայր Թովմասյանի հոր մասին
Փաստաբանների խոսքով` քրեական վարույթը գտնվում է քրեական գործի հարուցման, նյութերի նախապատրաստման փուլում։
Նշենք նաև, որ երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հայրական տուն, ՍԴ նախագահի հայրն ու դուստրերն այսօր ԱԱԾ են կանչվել։