Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել. նա խոսել է իր բարդ որոշման մասին

Ընտրական փուլը դեռ չի ավարտվել, բայց հավաքականի գլխավոր մարզիչը որոշել է հեռանալ պաշտոնից։ Վանեցյանը շնորհակալություն է հայտնել նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։ Ըստ մասնագետի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Մեկ տարի է՝ զբաղեցնում եմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս ընթացքում եղել են թե՛ ուրախության, թե՛ տխրության պահեր՝ կապված հավաքականի ելույթների հետ։ Ընտրական փուլը դեռ չի ավարտվել, բայց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու բարդ որոշում եմ կայացրել, քանի որ չեմ կարողացել արդարացնել Հայաստանի հավաքականի երկրպագուների հույսերը՝ թիմին դուրս բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Այժմ մեր հնարավորությունները միայն տեսական են, և, չնայած իմ առջև ի սկզբանե նման խնդիր չէր դրվել, միշտ զգացել եմ պատասխանատվությունը»,– ասել է մարզիչը։

Նա շնորհակալություն է հայտնել իր հետ հետաքրքիր ու բարդ ճանապարհն անցած մարզչական շտաբի ներկայացուցիչներին, բժշկական և սպասարկող անձնակազմին, ֆուտբոլիստներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին և ողջ աշխատակազմին, որոնք միշտ աջակցել և աշխատանքային լավ պայմաններ են ստեղծել։

Հայ ֆուտբոլասերների արկածները Ֆինլանդիայի ճանապարհին. երկրպագուի օրագիր

«Շնորհակալ եմ բոլոր այն երկրպագուներին, որոնք մեզ աջակցել են ամենաբարդ պահերին»,– եզրափակել է Գյուլբուդաղյանցը։

«Ցավում ենք, որ չարդարացրինք ձեր սպասելիքները». ՀՖՖ

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Արմեն Գյուլբուդաղյանցին կատարած աշխատանքի համար։

«Մեկ տարվա ընթացքում Արմեն Գյուլբուդաղյանցն իրեն դրսևորել է որպես բարձր կարգի պրոֆեսիոնալ, նաև աչքի է ընկել իր մարդկային որակներով։ Ինձ համար շատ դժվար էր ընդունել մարզչի հրաժարականը, սակայն մեր զրույցի ընթացքում Արմեն Գյուլբուդաղյանցը չփոխեց իր որոշումը։ Վստահ եմ, որ մեր մարզչի մեկ տարվա աշխատանքը, դրված հիմքը ապագայում էլ արդյունքների կբերեն։ Շնորհակալություն եմ հայտնում Արմեն Գյուլբուդաղյանցին նվիրված աշխատանքի համար, վստահ եմ, որ դեռ կունենանք համագործակցության առիթներ», - ասել է նա։

Հիշեցնենք` Գյուլբուդաղյանցը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի հոկտեմբերին։

Առանց մարզչի ու մարտավարության. ինչպես Հայաստանի հավաքականը գերակատարեց պլանը