«Կռիշից էին հարցնում». Հրայր Թովմասյանի հայրը պատմեց ԱԱԾ աշխատակիցների այցի մասին

ԱԱԾ աշխատակիցները դուրս եկան Հրայր Թովմասյանի հորական տնից և վստահեցրին, որ տանիքի վերաբերյալ որևէ հարց չեն տվել։ ՍԴ նախագահի հայրն էլ մանրամասն պատմեց խոսակցությունը, որը միայն տանիքին էր վերաբերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քիչ առաջ դուրս եկան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր տնից։ Լրագրողները հետաքրքրվեցին` ճի՞շտ են արդյոք ԶԼՄ–ների հրապարակումները, որ ԱԱԾ–ն ուզում է պարզել, թե ինչ միջոցներով է կառուցվել այդ տան տանիքը։ ԱԱԾ աշխատակիցները վստահեցրին, որ տանիքի թեմա չի քննարկվել։

Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ են կանչել

Նրանց հեռանալուց հետո տնից դուրս եկավ ՍԴ նախագահի հայրը` Վարդան Թովմասյանը, և ասաց` ԱԱԾ աշխատակիցները միայն տանիքի մասին են հարցրել։

«Հարցրին` կռիշը ե՞րբ եք փոխել, ո՞նց է կառուցվել, ի՞նչ գումարով է կառուցվել։ Ես էլ ասեցի, որ 12-13 տարի առաջ ենք սարքել»,– ասաց նա։

Թովմասյանի հայրը նշեց, որ ԱԱԾ աշխատակիցների հետ նաև մասնագետներ են եղել, որոնք պիտի ստուգեին, թե երբ է տանիքը կառուցվել։

«Ասացին` ուզում ենք ստուգել, ասեցի` ստուգեք։ Ասեցին` կստորագրե՞ք, որ թույլ եք տալիս ստուգենք։ Ես էլ ասեցի` չեմ ստորագրի, բայց ստուգեք։ Եկել էին, որ դղյակներ գտնեին»,– պատմեց Վարդան Թովմասյանը և ավելացրեց, որ չի հիշում, թե որքան գումար են ծախսել տանիքի վրա. բարեկամ մարդ է սարքել։

Նա նշեց, որ որդու հետ չի խոսել այս թեմայով, իսկ որ նրա դուստրերին էլ են ԱԱԾ հրավիրել, իմացել է կայքերից։

Հոր խոսքով` որդու մասին հարցեր չեն տվել։ Նա չցանկացավ ստուգումները կոնկրետ որևէ բանի հետ կապել, բայց ավելացրեց. «Բոլորդ էլ հասկանում եք` ինչն է պատճառը»։

Լրագրողները հետաքրքրվեցին` Հրայր Թովմասյանը հաճա՞խ է լինում հորական տանը։ «Նա այնքան զբաղված է, որ 15-20 օրը մեկ է կարողանում գնալ»,– պատասխանեց հայրը։

ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանին վերաբերող փաստաթղթեր է վերցրել ՀՀԿ գրասենյակից. Աշոտյան

Նշենք, որ ՍԴ նախագահի հորական տունը գտնվում է Արարատի մարզի Դարակերտ գյուղում։

Այսօր ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել առ այն, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։ Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին:

Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Բաբաջանյանը գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումում պնդում էր, որ Թովմասյանը կատարել է օրենքի խախտումներ ՝ այդ պաշտոնը ստանձնելով 2018–ին` առանց ընդունված ընթացակարգի:

Սահմանադրական դատարանը մերժեց ԱԺ-ի` Հրայր Թովմասյանի վերաբերյալ դիմումը