«Համաձայնեցված փաստաթղթեր կան». Զախարովան` ղարաբաղյան հակամարտության մասին

Հայերն ու ադրբեջանցիներն իրենց երկրների ղեկավարությանը պատվիրակել են կարգավորել հակամարտությունը, այդ պատճառով քաղաքական գործիչները պետք է կառուցողական դիրքերից հանդես գան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են համաձայնեցված փաստաթղթերով` անկախ երկու կողմի հուզական հայտարարություններից։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Արցախը «Ադրբեջանի պատմական տարածքն է»։

Զախարովայի խոսքով` Ալիևի խոսքերի գնահատականը ճիշտ այնպիսին է, ինչպիսին Նիկոլ Փաշինյանի` «Արցախը Հայաստան է» հայտարարության վերաբերյալ գնահատականն է։

«Մենք քաղաքական բազմաթիվ հայտարարություններ ենք տեսնում, որոնք և՛ Երևանը, և՛ Բաքուն հնչեցնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ։ Հուզական տարբեր աստիճանի, պատմական և ժամանակակից կոնտեքստին տարբեր կերպ առնչվող», – ասել է Զախարովան։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, Ռուսաստանը ելնում է այն օրակարգից, որը դրված է բանակցությունների սեղանին։

«Մենք աշխատում ենք համաձայնեցված փաստաթղթերի հետ։ Համաձայնեցված կողմերի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջև։ Մեր խնդիրը, որպես միջնորդներ, կարգավորումն առավելագույնս արագացնելն ու այդ հարցի վերջնական կարգավորման հասնելն է», – նկատել է Զախարովան։

«Փաշինյանը և Ալիևը ճաշի ժամանակ քննարկել են Ղարաբաղի հարցը». Վլադիմիր Կարապետյան

Մոսկվան կողմերին մշտապես կոչ է արել կառուցողական մոտեցում ցուցաբերել։ Նրա խոսքով` գործընթացի բոլոր մասնակիցները պատասխանատու քաղաքական գործիչներ են, որոնք արտահայտում են «իրենց ժողովուրդների հույսերը», որոնք այդ ճգնաժամի ընթացքում ղեկավարությանը կարգավորում են պատվիրակել։

«Ժողովուրդներն այլ կարգադրություններ չեն տվել` միայն կարգավորում», – ընդգծել է Զախարովան։

Ռուսաստանը, ըստ նրա, զբաղվում է իր միջնորդական դերով` առավելագույնս կառուցողական, և կոչ անում կողմերին քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Փաշինյանի պատասխանն Ալիևին պետական մտածելակերպի դրսևորում է. Արփինե Հովհաննիսյան

«Կրկնեմ` մենք համաձայնեցված փաստաթղթեր ունենք, համաձայնեցված ձևակերպումներ։ Կա առաջ գնալու համաձայնեցված օրակարգ», – ասել է Զախարովան։

Նրա խոսքով` նման հայտարարություններն ինքը միշտ այսպես է մեկնաբանել, այսօր էլ բացառություն չի լինի։

Հիշեցնենք, որ Թուրքմենստանի մայրաքաղաքում Ադրբեջանի նախագահը մեղադրել էր Հայաստանին «նացիզմի հանցակիցներին հերոսացնելու մեջ» և օրինակ էր բերել ազգային հերոս Գարեգին Նժդեհին։ Փաշինյանը պարտքի տակ չէր մնացել և լուսավորել էր Ալիևին` նրա համար «լիկբեզ» անցկացնելով։

Փաշինյանը հակադարձել է Ալիևին