ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը ինժեներական կրթության ու բիզնեսի մոդելը կփոխանցի աֆրիկյան երկրներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) ղեկավար Ամալյա Եղոյանը։
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը դեռ ապրիլին այցելել էր Եթովպիա ու Ռուանդա։ Այնտեղ մի շարք համաձայնագրեր էին կնքվել, այդ թվում` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ։
Համագործակցության մասին համաձայնագիրն արդեն կնքվել է Եթովպիայի հետ, շարունակվում են Բենինի ու Նիգերիայի հետ բանակցությունները։
Միլիմետրի ճշտությամբ. Հայաստանում միկրոսխեմաների համար նոր սարք են արտադրում
Հայաստանն ուզում է այդ երկրներին փոխանցել ինժեներական կրթության ու բիզնեսի զարգացման փորձը։ Մեր երկրում արդեն մի քանի տարի է` նման համակարգ է ստեղծվում։ Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE) կառավարում է ArMath դպրոցական ինժեներական լաբորատորիաները, մի քանի խոշոր ընկերություններ ինժեներիայի ու ծրագրավորման խորացված դասընթացներ են պատրաստել վարժարանների համար, Պոլիտեխնիկական համալսարանում ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ են գործում, իսկ Երևանում ճարտարագիտական ավան կա, որտեղ նորանոր ձեռնարկություններ են բացովում։
«Մենք սիրով կփոխանցենք այդ համակարգը ստեղծելու մեր փորձը։ Դա կլինի Հայաստանի համեստ ներդրումը աֆրիկյան երկրների զարգացման հարցում», – ավելացրեց Եղոյանը։
Հայկական կողմին աջակցում է Smart Africa աֆրիկյան միջպետական նախաձեռնությունը, որի հետ նույնպես համագործակցության մասին հուշագիր է կնքվել։ Հենց նրանք են կապ հաստատել հայկական կողմի ու Բենինի կառավարության միջև։
«Հոկտեմբերի 24–ին նորից Եթովպիա կայցելենք։ Ադիս Աբեբայի համալսարանի հետ արդեն հուշագիր ենք ստորագրել, իսկ հիմա մեզ կընդունի այդ երկրի նորարարությունների ու տեխնոլոգիաների նախարարը։ Հանդիպման արդյունքում համագործակցության հստակ մոդել կմշակենք», –ասաց Եղոյանը։
Նշենք` հայկական մի քանի ընկերություններ արդեն գործում են աֆրիկյան շուկայում։ Դրանից մեկը Երևանում մշակումների կենտրոն ունեցող ամերիկյան ընկերություն է և աֆրիկյան մի շարք երկրներում արդեն ծրագրեր է ներդրել էլեկտրոնային կառավարության համար։
Իտալացի ինժեներների ծրագրերը Հայաստանում. նոր «օպտիկայից» մինչև Գյումրու հին կենտրոն