Փաշինյանը գործում է ի շահ Արցախի, իսկ Բալասանյանը սխալվում է. քաղաքագետ

Անվտանգության հարցերի փորձագետը կարծում է, որ ՀՀ վարչապետի քաղաքականությունն ուղղված է Արցախի հարցում լայնաֆորմատ բանակցությունների վերականգնմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Արցախի Ազգային անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի սկանդալային հայտարարությունները նրա համար լրացուցիչ վարկանիշ չեն ապահովի գալիք ընտրություններում։  Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արցախցի քաղաքագետ, ռազմական անվտանգության ոլորտի փորձագետ Հրաչյա Արզումանյանը։

Փաշինյանն Արցախի հարցում վարում է Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքականությունը. Բալասանյան

Բալասանյանն արդեն հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրությանը թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ Ստեփանակերտում հոկտեմբերի 15–ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ գեներալը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ղարաբաղյան կարգավորման հարցում պարտվողական դիրքորոշման մեջ։ Նրա խոսքով` այն քաղաքականությունը, որ այս պահին վարում է Նիկոլ Փաշինյանը, նույն այն փաթեթն է, որն ուզում էր կյանքի կոչել ՀՀ  առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, այն է` ԼՂ–ին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում։

Վիտալի Բալասանյանը հրավիրվել է ՀՔԾ` հարցաքննության

Մեր զրուցակիցը կարծում է, որ Բալասանյանի խոսքերը ոչ մի աղերս չունեն իրականության հետ։ Նրա համոզմամբ` Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարն այսօր հաջողության լուրջ շանսեր չունի 2020թ.–ի ընտրությանն ընդառաջ, և տպավորություն է ստեղծվում, որ Բալասանյանը փորձում է տապալել ընտրական գործընթացը։

«Այն, ինչ ասել է Բալասանյանը, նրա անձնական կարծիքն է, որը չի արտացոլում իրականությունը։ Անկեղծ ասած` ինձ համար նույնիսկ զարմանալի է, որ այդ հայտարարությունները նման արձագանք են առաջացրել հայ հասարակության շրջանում», – ասաց Արզումանյանը։

Փորձագետը կարծում է, որ Փաշինյանի գործողությունները Ղարաբաղի հարցում համապատասխանում են հայկական կողմի շահերին։ Խոսքն առաջին հերթին լայնաֆորմատ բանակցությունները վերականգնելուն ուղղված` վարչապետի ջանքերի մասին է։

Ով ում հետ է հաց կիսել. Վիտալի Բալասանյանի հայտարարությունների շուրջ աղմուկը չի լռում

«Այդ քայլերը պետք է ձեռնարկվեին 10, 15 և 20 տարի առաջ։ Ցավոք, վարչապետի նախորդները դա չեն արել, բայց լավ է ուշ, քան երբեք», – ասաց նա։

Արզումանյանի կարծիքով` Հայաստանի առջև ավելի լուրջ մարտահրավերներ ու խնդիրներ են ծառացած, և պետք է ուշադրություն դարձնել դրանց, այլ ոչ թե Վիտալի Բալասանյանի արտահայտություններին։

Վիտալի Բալասանյանի հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ–ն

«Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Մերձավոր արևելքում, ինչպիսի գործընթացներ են ծավալվում մեր շուրջը։ Հենց այստեղ պետք է որոնել մեր անվտանգության սպառնալիքները։ Իսկ այն, ինչ ասել է Բալասանյանը, և ով է նրան ներշնչել այդ մտքերը, կարևոր չէ»,–ասաց Արզումանյանը։

Քաղաքագետը համոզված է, որ հասարակությունը, ընտրողներն իրենց գնահատականները կտան գեներալի խոսքերին։