ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի լքված հանքարդյունաբերական տարածքներից մի քանիսում վիճակն ուղղակի աղետալի է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետ լրագրողներին հայտնեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Նախարարության իրականացրած հաշվառման արդյունքում պարզվել է, որ Հայաստանում 44 լքված պոչամբար և 5 լքված հանքավայր կա։
«Իմ հրամանով հաստատվել են այն 10 առաջնային հանքավայրերը, որտեղ կարիք կլինի վերականգնել։ Տեղեր ունենք, որ աղետալի վիճակում են։ Ասենք` դա լքված պոչամբար է, բայց մարդիկ ինչ–որ տնտեսական գործունեություն են իրականացնում։ Օրինակ` ավտոլվացման կետ են բացում, մինչդեռ այդ տարածքներում նույնիսկ չի կարելի մնալ»,– ասաց նախարարը։
Գրիգորյանը հայտնեց, որ լքված պոչամբարներում ու հանքավայրերում նախկինում ոչ մի ուսումնասիրություն չի կատարվել։ Այս տարի հաշվառումից բացի նաև եռաչափ մոդելավորում է արվել, չափվել են և՛ կուտակված նյութերի ծավալները, և՛ նյութերի քանակը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջին անգամ չէ, որ աղտոտում է բնությունը. նախարար
Չօգտագործվող պոչամբարները նախկինում ռեկուլտիվացվել են բացառապես հողով ծածկվելով։ Կառավարությունն այժմ նախատեսում է կենսաբանական ռեկուլտիվացիա իրականացնել, ինչի համար ակնկալում է Համաշխարհային բանկի աջակցությունը։
Հիշեցնենք, այսօր առավոտյան ԱԻ նախարարությունն ահազանգ էր ստացել, որ Սյունիքի մարզում հանքարդյունաբերական պոչանքներով աղտոտված ջրերը հոսում են Ողջի գետը։ Նախնական վարկածներից մեկով` վտանգավոր նյութերի արտահոսքը կարող էր լիներ Արծվանիկի պոչամբարից։
Կապանում տուն է փլվել, տանտերերը մնացել են հողի տակ
Ավելի ուշ հայտարարվեց, որ վթարը տեղի է ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից դեպի պոչամբար գնացող խողովակաշարից։ Վթարը վերացված է։ Հետևանքների մասին առայժմ չի հայտարարվում։