Հայաստանի անտառներում հրդեհներ են. մեղավորը չոր աշո՞ւնն է, թե դիտավորյալ են այրում

Տեսակետներ կան անտառային տարածքները դիտավորյալ հրդեհելու մասին, հատկապես` Իջևանի տարածաշրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 16–ին Հայաստանի անտառներում ու խոտածածկ տարածքներում 50 հրդեհ է գրանցվել։ Այսօր կառավարության նիստում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը` մեկնաբանելով հրդեհների ակտիվացումը։

Արտակարգ իրավիճակ Սյունիքում. պոչամբարից արտահոսք է տեղի ունեցել. տեսանյութ

«Այս պահին Բերդի տարածաշրջանում մի հանդամաս կա, այնտեղ է հրդեհը։ Այսօր երևի կարող ենք մարել։ Տավուշում երեկ 5 հրդեհ ենք ունեցել։ Այնտեղ երկու հրաձգարան կա` Դիլիջանում և Իջևանում։ Երկու հրաձգարաններում էլ այս էլ որերորդ անգամ մենք ունենում ենք հրդեհ, և 10-20 հա–ով տարածք է այրվում։ Դա մի քիչ հասկանալի է` ինչպես է լինում։ Բայց մյուս տեղերում մի քիչ պրոբլեմատիկ է»,– ասաց Ցոլակյանը։

Բերդի տարածաշրջանում հրդեհների մարման աշխատանքները բարդացնում է տեղանքը։ Նախարարի խոսքով` այս պահին այրվող տարածքն անմատչելի է հրշեջ տեխնիկայի համար։

Նախարարը հայտնեց, որ տեսակետներ կան անտառային տարածքները դիտավորյալ հրդեհելու մասին, հատկապես` Իջևանի տարածաշրջանում։

Կապանում տուն է փլվել, տանտերերը մնացել են հողի տակ

«Ինձ բացատրեցին, որ հիմա ամենաչոր պահն է ծառերի, խոնավություն քիչ կա ծառերի մեջ։ Այս սեզոնին այդպես է լինում։ Բախտներս բերում է, որ խոտածածկ տարածքն այրվում է, բայց ծառերին չի հասնում»,– ասաց նա։

Նման երկու դեպք 2 օր առաջ, նախարարի խոսքով` գրանցվել են Դիլիջան Ազգային պարկում, որտեղ խոտն այրվել է, բայց ծառերը չեն վնասվել։