ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Բուհում ուսումն ավարտելուց հետո Հասմիկ Ջուլհակյանն աշխատանքի է անցել հենց իր հարազատ դպրոցում ու արդեն 13 տարի է, ինչ սաներին շարային ճիշտ քայլք է սովորեցնում, ցույց է տալիս` ինչպես քանդել, մաքրել և հավաքել ինքնաձիգը, նրանց պատմում է հայերի հերոսամարտերի մասին և այլն: Անկեղծանում է՝ սկզբում դժվար էր:
«Հիմա Շիրակի պետական համալսարանի ռազմագիտության ամբիոնում աղջիկներ շատ կան, իսկ այն ժամանակ շատ քիչ էին: Մասնագիտությունս ընտրել եմ դեռ աշակերտական նստարանից, երբ մեր դպրոցում գործում էր ռազմական թեքումով դասարանը։ Ծնողներիս ու քույրիկիս շնորհիվ ընտրեցի այս մասնագիտությունը»,-պատմում է Հասմիկը:
Նրա աշակերտներից շատերն արդեն իր նման՝ ընտրել են զինվորական գործը՝ ուսումը շարունակում են Հայաստանի զինված ուժերի կրթօջախներում:
Իսկ դպրոցում ընկեր Հասմիկը Նախնական զինվորական պատրաստություն առարկայի հանդեպ սեր է սերմանում նույնիսկ ցածր դասարանների երեխաների մոտ, ովքեր դեռ իր առարկան չեն էլ անցնում։
Հայաստանի ամենամեծ փազլն արդեն հավաքված է. ինչու են Գյումրիում սպասում Փաշինյանին
Անի Ոսկանյանը նրանցից մեկն է։ Նա 7-րդ դասարանում է սովորում։ Պատմում է, որ դպրոցի զինղեկն է իրեն խորհուրդ տվել մասնակցել Ժամանակակից հնգամարտի Հայաստանի ազգային ֆեդերացիայի հայտարարած՝ Լազերային հրաձգության և վազքի մրցույթին։ Նա աղջկան տարել է հրաձգարան ու սովորեցրել դիպուկ կրակել: Անին մասնակցել է մրցույթին ու իր տարիքային խմբում ճանաչվել լավագույնը։
«Ես շատ սիրեցի լազերային հրացանից կրակել։ Հուսով եմ, որ հաջորդ տարի, եթե կրկին լինի այս մրցույթը, ավելի արագ կվազեմ ու ավելի դիպուկ կկրակեմ»,-ասում է Անին։
Ստորգետնյա անցում դեպի Անի և ամենավտանգավոր օձը. ինչ կա Շիրակում, որ չկա ուրիշ ոչ մի տեղ
Հասմիկ Ջուլհակյանը լեյտենանտի կոչում ունի: Ասում է՝ առաջարկներ եղել են ավելի բարձր աշխատավարձով պայմանագրային ծառայության անցնելու, բայց սա այն գործն է, որի մասին միշտ երազել է:
«Չեմ փոշմանել ու չեմ էլ փոշմանի, որ ընտրել եմ այս մասնագիտությունը, քանի որ չափազանց շատ եմ սիրում այս առարկան ու աշխատանքս: Այն հատկապես նրանով է գրավիչ, որ համատեղում է ծառայությունը մանկավարժության հետ»,–ասում է Հասմիկը:
Նա հուսով է, որ իր գիտելիքները կարողանում է փոխանցել իր աշակերտներին ու պատրաստել հայրենասեր զինվորներ: Ասում է` սա ամենակարևոր առարկան են համարում իրենց դպրոցում:
«Ուրախ եմ, որ այսօր արդեն ԶՈՒ–ում շատ են նաև աղջիկները, քանի որ աղջիկներն ու մայրերը անհրաժեշտության դեպքում միշտ էլ զենքը ձեռքներին պաշտպանել են ընտանիքն ու հայրենիքը: Այնպես որ, առարկան շատ կարևոր է ոչ միայն տղաների, այլ նաև աղջիկների համար»,–նշում է Հասմիկ Ջուլհակյանը:
Երիտասարդ աղջկա համար ամենահաճելին այն է, որ իր աշակերտների զորամասերից գովեստի խոսքեր է ստացել, իսկ շատերն էլ սովորել կամ սովորում են ռազմական ուսումնական հաստատություններում: Ասում է` իրեն դպրոցից դուրս չի պատկերացնում, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ է ուսումնական զենքը փոխարինել մարտականով: