Հայաստանում համընդհանուր բուժապահովագրման մոդելն արդեն ընտրված է. մանրամասներ

Հիմա քննարկվում է, թե ինչպիսի ծառայություններ կմտնեն ապահովագրության բազային, պարտադիր փաթեթի մեջ, և որքան են պատրաստ ծախսել դրա վրա պետությունը և գործատուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում արդեն ընտրված է համընդհանուր բուժապահովագրման մոդել։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Հայաստանի առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։

Առաջիկայում այդ մոդելը կշարադրվի օրինագծում, որը հանրային քննարկումների կդնեն e-draft.am կայքում։

«Մանրամասն քննարկվել են բոլոր հնարավոր հիվանդությունները և առողջության համար ռիսկերը, գնահատվել է ախտորոշման և բուժման արժեքը։ Հիմա մենք քննարկում ենք, թե բյուջեից որքան գումար կարելի է տրամադրել ապահովագրական պոլիսին և որքան են տրամադրելու գործատուները։ Դրանից կախված կլինի, թե մենք ինչպիսի ծառայություններ կներառենք բազային փաթեթի մեջ», – հայտարարեց նա։

Բազային, պարտադիր ապահովագրությունից բացի կտրամադրվեն նաև կամավոր փաթեթներ։

Բժշկական ապահովագրության մասին նախագիծը շրջանառության մեջ կդրվի 2 ամսվա ընթացքում. Թորոսյան

Սոցփաթեթի շրջանակում պարտադիր բժշկական ապահովագրությունն արդեն գործում է պետական հատվածի աշխատողների համար, ընդ որում, նրանք կարող են ընտրել հիվանդանոցը։ Նման ընտրության ազատություն կստանան նաև մասնավոր հատվածում ծրագրի մասնակիցները։

Նախարարը` պաշտոնանկության, կեղծ դեղերի, ապահովագրության և բժշկական սխալների մասին

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ առողջապահության վրա պետական ծախսերը պետք է զգալիորեն բարձրացնել։ Հիմա Հայաստանում դրանք կազմում են ՀՆԱ 1,4 տոկոսը։ Դա ավելի քիչ է, քան միջինում եվրոպական զարգացած երկրներում (10 տոկոս) և տարածաշրջանի երկրներում (5-6 տոկոս)։

«2020թ.–ին առողջապահության բյուջեն կմեծանա, բայց չեմ կարող ասել, թե որքան, մենք ավարտում ենք մեր հայտի քննարկումները», – հավելեց փոխնախարարը։

Նշենք, որ պետական ծառայողներից բացի առողջապահության պետական ծրագրում ներառված են մինչև 18 տարեկան երեխաները։ Կառավարության որոշման համաձայն, նրանց համար բուժսպասարկումն անվճար կլինի։

Պարտադիր բժշկական ապահովագրության որոշումը ճանապարհին է

Նույն որոշմամբ ընդլայնվել է սրտի վիրահատությունների պետպատվերը։ Դրանք անվճար են անցկացնելու 1–ին և 2–րդ կարգի հաշմանդամություն ունեցող մարդկանց, ինչպես նաև զինծառայողների ընտանիքների անդամների համար։