ԵՐԵՎԱՆ, 16 Հոկտեմբեր — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի մոտակա հանդիպումը կարող է կայանալ այս դեկտեմբերին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։ Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի` Ռուսաստանի Դաշնության կողմից համանախագահ Իգոր Պոպովը, հայտնում է Artsakhpress.am կայքը։
«Երկու կողմերի ցանկության դեպքում մենք պատրաստակամ ենք կազմակերպել այդ հանդիպումը»,-ասել է Պոպովը:
Այսօր` հոկտեմբերի 16-ին, Ստեփանակերտում ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակությունը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։ Պատվիրակության անդամներն էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրանց ուղեկցող պաշտոնյաներ:
Պոպովի խոսքով՝ Արցախի նախագահի հետ հանդիպման ժամանակ իրենք պատմել են Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին:
«Այդ հանդիպմանը քննարկվել են լրագրողների փոխանակման, ինչպես նաև երկկողմ ազատազրկվածների հարցերը: Մենք այդ հարցերի վերաբերյալ մի քանի մտահղացումներ ունենք, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են: Վերջերս մեր եռյակը եղել է Ժնևում, որտեղ հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուերին։ Նրա հետ այդ թեմայով նույնպես զրույց ենք ունեցել»,–մանրամասնել է Պոպովը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջան է, Պոպովն ասել է, որ այդ հարցին արդեն իսկ գնահատական է տվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:
Հեյդար Ալիևը ճանաչել է ԼՂՀ–ն ու դա հաստատել իր ստորագրությամբ. Շավարշ Քոչարյան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հոկտեմբերի 2-ին արձագանքելով Ալիևի հայտարարությանը, ասել էր, որ «Ղարաբաղը Ադրբեջան է» հայտարարությունը չի նպաստում բանակցային գործընթացին և խանգարում է քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը։