Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումները։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` նշելով, որ եղել է աշխատանքային շատ անկեղծ քննարկում` տարբեր հարցերի վերաբերյալ:
«Նման այցերը մենք շատ արժևորում ենք այն պարզ պատճառով, որ դրանք նպաստում են և՛ բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովող գործընթացին, և՛ Արցախին այդ գործընթացում պահում են որպես մասնակից»,- նշեց Բաբայանը:
Արցախի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ քննարկված հարցերը կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի:
Մի խմբում այն ավանդական հարցերն են, որոնց մասին պաշտոնական Ստեփանակերտը միշտ խոսում է, մասնավորապես՝ բանակցային գործընթացը, Արցախի դիրքորոշումը, ըստ որի՝ անցյալին վերադարձ չկա, և Արցախը պետք է լինի բանակցային լիարժեք կողմ: Մյուս խմբում ընթացիկ խնդիրներն են, օրինակ` իրավիճակը սահմանների երկայնքով, նոր զարգացումները, հանդիպումներն ու հայտարարությունները:
Բաբայանի համոզմամբ՝ հաշվի առնելով Ադրբեջանի պահվածը՝ դժվար է այս պահին որևէ բեկում արձանագրել:
Ստեփանակերտում հույս ունեն, որ Մնացականյան-Մամեդյարով գալիք հանդիպումը կնպաստի խաղաղ բանակցային գործընթացի շարունակականության ապահովմանը, թեև այդ հանդիպումից դեռ վաղաժամ է սպասել ինչ-որ անակնկալ:
Պաշտոնական Ստեփանակերտը դեմ չէ գերիների, այս կամ այն կողմում պատահաբար հայտնված մարդկանց փոխանակմանը, սակայն Շուշիի բանտում իրենց պատիժը կրող հանցագործները փոխանակման ենթակա չեն:
Հիշեցնենք` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին ընդունել է այսօր` հոկտեմբերի 16-ին: