Ryanair-ը դարձավ առաջին ծիծեռնակը. Փաշինյանը մեծ հույսեր է կապում նոր փոխադրողի հետ

Վարչապետը խոստացել է Հայաստանի շուկա մուտ գործող ընկերությանը որոշ արտոնություններ տրամադրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել բոլոր տեղական և օտարերկրյա ավիաընկերությունները, առաջին ծիծեռնակը դարձավ Ryanair-ը: Այս մասին Facebook-ի իր էջում, անդրադառնալով Լոուքոսթեր Ryanair–ի հայտարարությանը, գրել է վարչապետ Փաշինյանը։

«Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան և հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման»,– նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը խոստացել է ավիաընկերության որոշ չվերթներ ազատել «օդի տուրքից»` հիշեցնելով, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երևանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը»։

«Շիրակ» օդանավակայանում ավելի քան 20 միլիոն դոլարի ներդում է արվելու

«Իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ»,– գրել է վարչապետը։

Հիշեցնենք, Ryanair ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ'Բրայենն այսօր հայտարարել է, որ 2020թ.–ի հունվարից ուղիղ չվերթներ են իրականացվելու Երևանից Հռոմ և Միլան, 2020թ.–ի ամռանը կբացվեն Երևան–Բեռլին և Գյումրի– Մյունխեն չվերթները։

Օ'Բրայենի խոսքով` թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, տոմսերը կարժենան միջինը 35 եվրո։