Ռոբերտ Քոչարյանի նախկին թիկնապահը կհարցաքննվի «Առագաստ» սրճարանի գործով

Քրեական գործով երևան եկած նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթի շրջանակում Աղամալ Հարությունյանը կկանչվի հարցաքննության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի նախկին թիկնապահ Աղամալ Հարությունյանը կհարցաքննվի Պողոս Պողոսյանի սպանության գործով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Հարությունյանը քրեական գործով երևան եկած նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթի շրջանակներում կկանչվի հարցաքննության»,– հայտնեց Հարությունյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին դատախազությունը հայտարարել էր, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ի, լույս 26-ի գիշերը «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Դրանց համաձայն` Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով:

Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել

Դատախազությունը չէր բացառել նաև, որ բացի Աղամալ Հարությունյանից, հանցանքի կատարմանը մասնակցել են նաև այլ անձինք։

Ի հայտ եկած նոր հանգամանքների հիմքով դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնին:

Երևան եկած նոր հանգամանքը, ըստ ամենայնի, 2019 թվականի սեպտեմբերին Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դատախազությանը հասցեագրած դիմումն է։

Վանաձորյան սարսափելի սպանության հետքերով. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում

Սթիվեն Ջոն Նյուտոնն 2001թ–ին ներկա է եղել «Առագաստ» սրճարանում կատարված սպանությանն ու իր դիմումում շարադրել որոշ փաստեր։

Ինչ վերաբերում է Աղամալ Հարությունյանին, նա 2001թ–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահն էր, ՀՀ ԱԱ նախարարության աշխատակից։

Սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում Պողոս Պողոսյանի սպանության համար մեղադրանք էր առաջադրվել Աղամալ Հարությունյանին։

Ըստ մեղադրանքի` ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ. Պողոսյանի ու Հարությունյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը ընկել է, գլուխը հարվածել զուգարանի սալիկապատ հատակին և ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել:

Այսինքն՝ ըստ մեղադրանքի՝ Աղամալ Հարությունյանը դրսևորել է հանցավոր անփութություն, որով կատարել է անզգույշ սպանություն:

Այս արարքի համար Հարությունյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, բայց նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, Հարությունյանի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Սպանություն Երևանում. զոհը երիտասարդ տղա է