ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով հայցը քննելու որոշումը խոսում է այն մասին, որ գործում մարդու իրավունքների ոտնահարման հարց կա: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը:
«ՄԻԵԴ-ը չի ընդունում բոլոր դիմումները, և եթե գործը քննվում է, ապա խնդիր կա», - ասաց Վարդևանյանը:
Երեկ` հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 17 դատավորներ կքննարկեն Հայաստանի Սահմանադրական դատարանի հայցը` կապված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համապատասխանության հետ: ՀՀ կառավարությունը պատրաստվում է իր դիրքորոշումը ուղարկել ՄԻԵԴ, այն կներկայացնի Հայաստանի` ՄԻԵԴ–ի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Ի դեպ, նա արդեն հայտարարել է, որ դատարանի տված խորհրդատվական կարծիքը պարտադիր չէ` ի տարբերություն որոշումների, որոնք արդեն տրված են հատուկ ընթացակարգերով:
Քոչարյանի փաստաբաններն ու դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը նախկինում քննել էր Քոչարյանի գործը, դիմել են Սահմանադրական դատարան ՝ 300.1 հոդվածի սահմանադրականությունը ստուգելու հայցով: ՍԴ-ն` Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, դիմել է միջազգային կառույցներին ՝ Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԵԴ–ին՝ խնդրելով խորհրդատվական եզրակացություն տրամադրել այս հոդվածի վերաբերյալ: ՄԻԵԴ-ն ընդունել է դիմումը և հայտնելու է իր կարծիքը։ ՄԻԵԴ-ի կարծիքը ստանալուց հետո Հայաստանի Սահմանադրական դատարանը կվերսկսի գործի քննությունը և կհայտարարի իր որոշման մասին:
Քոչարյանի գործով ՍԴ որոշումն ակնհայտորեն ապօրինի էր. Նիկոլ Փաշինյան
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: