ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ–ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի այն ռազմական գործողությունների պատճառով, որոնք Անկարան սկսել է Սիրիայում, և որը ո՛չ ԱՄՆ–ի, ո՛չ էլ ԵՄ–ի աջակցությունը չի ստանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 14–ի, լույս 15-ի գիշերն այս մասին գրել է Twitter–ում։
«Շուտով հրաման կստորագրեմ, որը թույլ կտա պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի գործող և նախկին պաշտոնյաների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք նպաստում են Սիրիայի հյուսիս–արևելքում Թուրքիայի ապակայունացնող գործողություններին», – գրված է հայտարարության մեջ։
Փաստաթուղթը լայն սպեկտր է ընդգրկում` ֆինանսական պատժամիջոցներ, սեփականության արգելափակում և ԱՄՆ մուտք գործելու արգելք։
ԱՄՆ–ն թուրքական պողպատի տուրքը կհասցնի 50%–ի, ինչպես նաև կհրաժարվի Անկարայի հետ «100 մլրդ դոլարի» առևտրային գործարքի հետագա բանակցություններից։
Զորքը, որն ԱՄՆ–ն դուրս է բերում Սիրիայից, Թրամփի խոսքով, տարածաշրջանում կմնա, որպեսզի «մոնիթորինգի» ենթարկի իրավիճակը և 2014 թվականի կրկնություն թույլ չտա, երբ Սիրիայի և Իրաքի զգալի հատվածն անցավ ԻՊ ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։
Սիրիական բանակը մտել է երկրի հյուսիսում գտնվող Թել Թամր գյուղ
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։
Թուրքիան ահաբեկիչների շարքն է դասում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միության» (PYD) և YPG–ի ներկայացուցիչներին, որոնց ավանդաբար աջակցել է ԱՄՆ–ն։ Նրանց վերահսկողության տակ են գտնվում Սիրիայի հյուսիսում գտնվող շրջանները։
Երկու օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները քրդերին չի աջակցի` վնասելով իրեն, և զորքը դուրս կբերի Սիրիայից։
ԱՄՆ–ի աջակցությունը վայելող «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) քրդական ապստամբական խմբավորման զինյալները դա «մեջքին հասցված հարված» էին որակել։
Էրդողանը հայտարարել է սիրիական Ռաս էլ Այն քաղաքը գրավելու և Թել Աբյադը շրջափակելու մասին