ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Երևանի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներից մեկի նախագահը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, ս.թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բժշկական փորձաքննության դիմած շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներից, հիմքերի բացակայության պայմաններում, հաշմանդամության կարգ տրամադրելու կամ վերահաստատելու համար, պահանջել և ստացել է զգալի չափերի կաշառք-գումարներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով:
Հաշմանդամության կարգ չունեցող զորացրվածները կօգտվեն անվճար բուժօգնությունից
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և զուգակցված քննչական գործողությունների իրականացման արդյունքում կաշառք ստանալու պահին նշյալ պաշտոնատար անձը բռնվել և բերման է ենթարկվել։ Անհերքելի ապացույցների ճնշման ներքո բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը տվել է խոստովանական ցուցմունքներ, ինչը հաշվի առնելով, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը»,–նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Ինչպե՞ս Հայաստանում հաշմանդամության կարգ «վաստակել». իրական մարդկանց պատմություններ
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում այլ հանցադեպերը և կոռուպցիոն շղթայում հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը պարզելու ուղղությամբ: