Ալավերդու պղնձաձուլարանն աղացագնդեր կարտադրի. կառավարությունը զիջելու մտադրություն չունի

ՀՀ կառավարությունը տեղյակ է, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատերը բանակցել են չինական կողմի հետ, բայց այդ քննարկումները դեռևս ծրագիր չեն դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Ալավերդու պղնձաձուլական գործարանն առայժմ կշարունակի աղացագնդեր արտադրել, քանի որ այդ արտադրությունը բնապահպանական տեսակետից վնասակար չէ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Իրենց տեսանկյունից եկան այն համոզման, որ ավելի հարմար է վերապրոֆիլավորվել և այնտեղ աղացագնդերի արտադրություն կազմակերպելու հեռանկարը քննարկել»,– ասաց նախարարը։

Խաչատրյանի խոսքով` գործարանի սեփականատերերը նման որոշում կայացրին ի պատասխան կառավարության` բնապահպանական վճարները կրճատելու կամ բնությանը հասցրած վնասի դիմաց տուգանքներ վճարելու պահանջի։

Վարչապետը Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերագործարկման ծրագրի մանրամասներից տեղյակ չէ

«Կարծում եմ` մոտ ժամանակներում ո՛չ կազմակերպությունը կկարողանա այնպես վերազինվել, որ համապատասխանի ժամանակակից բնապահպանական պահանջներին, ո՛չ էլ կառավարությունը պատրաստ կլինի գնալ այնպիսի զիջումների, որ անտեսի այդ պահանջները»,– ասաց նախարարը։

Խաչատրյանը հիշեցրեց, որ գործարանն աջակցության խնդրանքով դիմել էր կառավարությանը։ Դիմումում ասվում էր` պատրա՞ստ է արդյոք կառավարությունը հետ կանգնել բնապահպանական վճարների իր պահանջից, որի դիմաց գործարանը խոստանում էր վերսկսել արտադրությունը։

«Երկաթե մարդիկ» չեն հանձնվում. Ալավերդին փորձում է գոյատևել առանց գործարանի

Ընկերության այս առաջարկը կառավարությունը մերժել է։

Ինչ վերաբերում է չինական կողմի հետ բանակցություններին և դրանց ընթացքին, ապա նախարարի խոսքով` կառավարությունը տեղյակ է այդ բանակցությունների մասին, բայց ներկա փուլում որևէ գնահատական տալ չի կարող։

Ի՞նչ է առաջարկում Ալավերդու պղնձաձուլական գործարանը ազատված աշխատակիցներին. զարգացումներ

«Այդ քննարկումները դեռևս ծրագիր չեն դարձել։ Երբ որ այդ քննարկումները կդառնան ծրագիր, կգան կառավարություն, ցույց կտան իրենց հաշվարկները և հիմնավորումները, որ, եթե 3 տարի կառավարությունը դիմանա, բայց այդ 3 տարվա ընթացքում մենք կունենանք ծավալների ընդլայնում, մաքրված արտադրություն, աշխատատեղեր և բոլոր մնացած հարցերը միասին, կառավարությունը կարող է քննարկել։ Բայց այդպիսի առաջարկություն դեռևս չի եղել»,– ասաց Խաչատրյանը։

Նշենք, որ Ալավերդու գործարանում աղացագնդերի արտադրությունում ներկա պահին ներգրավված են գործարանի շուրջ 600 աշխատողներից միայն 60–ը։

Պղնձի ու ադամանդի արտահանումը նվազել է, փոխարենը նոր շուկաներ են նվաճում գինին ու շոկոլադը

Գործարանի ղեկավարությունը նախատեսում է առաջիկայում ընդլայնել արտադրական ծավալները, որի արդյունքում աշխատողների թիվը կկրկնապատկվի, բայց ավելի քան 400 աշխատող կմնան գործազուրկ։

Հիշեցնենք` Ալավերդու պղնձաձուլական գործարանը 2018 թվականի հոկտեմբերից կառավարությանը ենթակա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պահանջով դադարեցրել է աշխատանքը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2018 թվականի հոկտեմբերին ստուգումներ էր անցկացրել գործարանում ու պահանջել էր կրճատել ծծմբի դիօքսիդի արտանետումները։ Մաքուր պղնձի արտադրությունը վերականգնելու համար նոր տեխնոլոգիաներ են հարկավոր։ Մինչդեռ գործարանի սեփականատեր «Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարել էր, որ գործարանի ունեցած տեխնոլոգիաներով հնարավոր չէ աշխատել առանց արտանետումների։

Ալավերդիում բունտ է լինելու. պղնձաձուլարանի 200 աշխատակից ազատվել են աշխատանքից. «Փաստ»

Վարկային պարտավորությունների դիմաց գործարանն անցյալ տարի գրավադրվել էր ՎՏԲ բանկում։ Չնայած այդ հանգամանքին, «Վալլեքս» ընկերությունը շարունակում է հայտարարել, որ չինական կառավարության և տեղի հզոր արդյունաբերական ընկերությունների հետ պայմանավորվածություն կա՝ Ալավերդիում նոր, առանց արտանետումների գործարան կառուցելու մասին։

2019թ.–ի փետրվարին ՀՀ փոխվարչապետ Տիգրանն Ավինյանն ընդունել էր գործարանի աշխատակիցներին և ասել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նա նշել էր նաև, որ կառավարությունը շահագրգռված է հարցի շուտափույթ լուծմամբ և աշխատատեղերի պահպանմամբ:

Ավելի ուշ գործարանի սեփականատեր «Վալլեքս» ընկերությունը գործարանում արտադրության վերսկսման հայեցակարգային պլան էր մշակել, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն ու շահագրգիռ հանրությանը` քննարկելու համար։