Շիրակի մարզպետը պատասխանել է Անիի համայնքապետի հայտարարությանը

Անի համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արտակ Գևորգյանը հայտարարել է, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում: Համայնքի ավագանին համամիտ է նրա հետ: Sputnik Արմենիայի թղթակիցն այս թեմայի շուրջ զրուցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի –Sputnik. Եթե քաղաքական հետապնդում լիներ` Արտակ Գևորգյանի լիազորությունները վաղուց դադարեցված կլինեին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը` ի պատասխան Անիի համայնքապետի այն հայտարարության, թե իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդման արդյունք է:

Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

 «Այսօր փորձել ամեն ինչին վերագրել քաղաքական որոշակի կոմպոնենտներ, մեզ համար դառնում է բավականին զավեշտալի, որովհետեւ ակնհայտ է, որ չկա նման բան»,-նշեց մարզպետը:

Պետրոսյանն ասաց, որ Անիի համայնքապետի հետ կապված քրեական գործընթացով պայմանավորված`  Շիրակի մարզի դատախազությունից միջնորդություն են ստացել նրա լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու մասին, սակայն ՏԻՄ մասին օրենքով լիազորությունների ժամանակավոր դադարեցման հասկացություն չկա: 

«Մենք ամբողջ փաթեթը հավաքել ենք դատախազությունից, համայնքապետի փաստաբանից, անձամբ համայնքապետից և ներկայացրել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` ամբողջական պարզեցում ստանալու համար, որ մոտեցումը հստակ լինի և չունենանք քայլեր, որոնք իրավական առումով խոցելի են այս պարագայում»,- նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Հավելենք, որ Անիի ավագանին համապատասխան որոշումը կայացրել է հոկտեմբերի 8–ին։ Որոշման մեջ  ավագանին քաղաքական  հետապնդում է որակել հարուցված քրգործը և իր վստահությունն ու աջակցությունը հայտնել համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին։

«Նիկոլը 6 անգամ եկավ, ինքը չեկավ դիմավորելու». Գևորգյանը պատասխանում է մարալիկցիներին

Հիշեցնենք, որ ոստիկանության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության օպերատիվ և ծավալուն միջոցառումների արդյունքում բացահայտվել է Անի խոշորացված համայնքի ղեկավարի թույլ տրված մի շարք ապօրինություններ: Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն:

Արտագաղթ չտեսած գյուղից մինչև կին համայնքապետ. գյուղապետները` արած–չարածների մասին

Ավելի վաղ Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ (Պաշտոնեական կեղծիքը) հոդվածի 1-ին մասով:

ՀՀԿ–ական համայնքապետը, որը նախ ղեկավարել է մարզի Մարալիկ, ապա նաև խոշորացված Անի համայնքը,  չի ընդունում պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի գումարի վատնման և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով առաջադրված մեղադրանքները: