ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի –Sputnik. Հանրահռչակ բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ, Instagram–ի և ամերիկյան հայտնի ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կցանկանար հանդիպել էկո ակտիվիստ Գրետա Թունբերգի հետ։ Այս մասին նա հայտնել է Reuters–ին տված հարցազրույցում։
Եվրոպային ոչ թե գլոբալ տաքացում է սպառնում, այլ՝ սառեցում
Քարդաշյանի խոսքով` ինքը հասկանում է կլիմայի փոփոխման հետ կապված մտահոգությունները։ Հեռուստաաստղը կարող էր օգնել Թունբերգի ծնողներին` սոցցանցերում 16-ամյա աղջկա էջերը կառավարելու հարցում։
«Նա (Թունբերգը) այնքան զարմանալի երիտասարդ աղջիկ է, և այնքան համարձակ։ Համարձակ` դիմակայելու համար մեծերի, որոնք կարող են սարսափելի լինել, և նրա այդքան բաց ու անկեղծ լինելն այն է, ինչ մեզ պետք է»,– ասել է Քարդաշյանը։
Գրետա Թունբերգը 2018 թվականին դպրոց հաճախելու փոխարեն սկսել է Շվեդիայի խորհրդարանի մոտ գնալ` պահանջելով ուժեղացնել կլիմայի փոփոխման դեմ պայքարը, և այդպիսով զանգվածային բողոքի ակցիաներ է հրահրել։ Նրա նախաձեռնությունը շուտով FridaysForFuture անունը կրող միջազգային շարժման է վերածվել։ Աղջկան նույնիսկ խաղաղության Նոբելյան մրցանակի էին առաջադրել։
Ավելի վաղ նա ելույթ էր ունեցել Նյու Յորքում ՄԱԿ–ի կլիմային վերաբերող գագաթնաժողովին և խիստ քննադատության ենթարկել քաղաքական գործիչներին նրա համար, որ վերջինները չեն ցանկանում և ի զորու չեն պայքարել կլիմայի փոփոխությունների դեմ։ Հասարակական գործիչներից շատերը, սոցցանցերի շարքային օգտատերերն աջակցել էին աղջկան, մյուսները նշել էին, որ Թունբերգն ամենալուրջ քննադատության արժանի տարբեր քաղաքական շրջանակների մանիպուլյացիաների օբյեկտ է դարձել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աղջկան բնութագրել է որպես բարի և անկեղծ, բայց վատ տեղեկացված։ Նա կարծում է, որ երեխաներին և դեռահասներին օգտագործելն անթույլատրելի է նույնիսկ ազնիվ նպատակների հասնելու համար։
Մոլորակի պատիժը. ի՞նչ է սպասվում Հայաստանին
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը քրոջ` Քորթնիի և երեխաների հետ Հայաստան էր այցելել` մասնակցելու WCIT-2019 համաժողովին։ Այցի շրջանակում Քիմ Քարդաշյանը հասցրել էր ոչ միայն ելույթ ունենալ համաժողովում, այլև մկրտվել և մկրտել երեխաներին Էջմիածնում, այցելել Ծիծեռնակաբերդ և նույնիսկ իր ռեալիթի շոուի համար դրվագ նկարահանել։