Պատմությունը կրկնվում է. Նաիրա Զոհրաբյանը վերհիշել է էրդողանի սառը հայացքը

Նաիրա Զոհրաբյանը վերհիշել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի անտարբեր ու սառը հայացքը, երբ նրան տարիներ առաջ ցույց է տվել Հայոց ցեղասպանության զոհ դարձած երեխաների նկարներով ֆոտոարխիվը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը facebook-ի իր էջում  հրապարակում է արել՝ անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահվածքին՝ թուրքական ուժերի կողմից Սիրիայի հյուսիսային շրջանում ռազմական գործողությունների իրականացման ժամանակ:

«Մի քանի տարի առաջ, Ստրասբուրգում, ճեղքելով Էրդողանի թիկնապահների պատնեշը, Էրդողանին տվեցի Հայոց ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ: Վերցրեց և սառը հայացքով սկսեց թերթել: Ու այսօր պատմությունը կրկնվում է: Նույն աչքերը, որոնց առանց ցավի և ցասումի նայել հնարավոր չէ»,- գրել է նա:

Նշենք, որ այսօր Էրդողանը հրաժարվել է հետևել արևմտյան առաջնորդների կոչերին և բանակցություններ սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, որի դեմ նա ռազմական գործողություն է իրականացնում:

Ըստ նրա` թուրքական բանակը կարող է մի քանի օրից Սիրիայում ավարտել գործողությունները:

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։

Էրդողանը հայտարարել է սիրիական Ռաս էլ Այն քաղաքը գրավելու և Թել Աբյադը շրջափակելու մասին

Քրդերը Սիրիայում թուրքական 7 տանկ և 75 զինվոր են ոչնչացրել

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Թուրքական բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքի «Մանսուրա» ամբարտակին