ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիահայ անվանի նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին ու հարազատներին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
«Սեբաստիայում ծնված ու Ֆրանսիայում ապրած արվեստագետը շուրջ մեկ դար՝ իր ապրած տարիների չափով Հայաստան-Սփյուռք մշակութային ինքնատիպ կամուրջ էր»,- գրել է ՀՀ նախագահը հեռագրում:
Արմեն Սարգսյանը նշել է, որ Ռիշար Ժերանյանը միշտ կապված էր Հայաստանին, ուր այցելում էր հաճախ, ցուցադրում իր գործերը, դրանք նվիրում հայրենիքին։
Նրա ստեղծագործության մեջ միշտ ներկա էր հայկական շունչը, որը նրա կտավների միջով ձգվում էր Փարիզից մինչև Երևան, Նյու Յորքից Բեյրութ՝ այնտեղ, ուր հայ կար, այնտեղ, ուր ցուցադրվում էին նրա աշխատանքները»,- եզրափակել է Սարգսյանը։
Նշենք,որ Ռիշար (Խաչատուր) Անդրանիկի Ժերանյանը ծնվել է Սեբաստիա քաղաքում 1921 թվականի հուլիսի 17-ին, 7 տարեկանից ապրել է Ֆրանսիայում։
1938-1942 թվականներին սովորել է Մարսելի գեղարվեստի դպրոցում, 1946-1948 թվականներին` Փարիզի Գրան-Շոմիեր և Ժյուլիան ակադեմիաներում; Ժերանյանը ստեղծել է հիմնականում ռեալիստական բնապատկերներ, նատյուրմորտներ, գրաֆիկական կոմպոզիցիաներ, կանանց մարմնապատկերներ։