«Ցավում ենք, որ չարդարացրինք ձեր սպասելիքները». ՀՖՖ

Խաղն ավարտվեց ոչ–ոքի, ու հիմա հայտնի չէ, թե ինչը կարող է մեր հավաքականին օգնել Եվրո-2020-ի ուղեգիր նվաճել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆոտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար և ափսոսանք հայտնել, որ չկարողացան արդարացնել ֆուտբոլասերների սպասելիքները։

«Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպայի տարբեր քաղաքներից և, իհարկե, Հայաստանից Լիխտենշտեյն ժամանած բոլոր երկրպագուներին: Ցավում ենք, որ չարդարացրեցինք ձեր սպասելիքները: Կփորձենք վերադառնալ ավելի ուժեղ»,- այս մասին նշված է ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում տեղի ընտրանու հետ Եվրոպայի 2020 թվականի ընտրական խաղում հանդիպումն ավարտեց 1:1 հաշվով:

Հայ ֆուտբոլասերների արկածները Ֆինլանդիայի ճանապարհին. երկրպագուի օրագիր

Մինչ Լիխտենշտեյն – Հայաստան խաղի մեկնարկն արդեն հայտնի էր, որ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը 4:1 հաշվով առավելության էր հասել Ֆինլանդիայի ընտրանու նկատմամբ: Այսինքն` մեր հավաքականի համար շատ ձեռնտու արդյունք էր գրանցվել: Իսկ Լիխտենշտեյնի նկատմամբ հաղթանակը մեր ընտրանուն արդեն հնարավորություն էր տալիս միավորներով հավասարվել ֆիններին ու շարունակել պայքարը Եվրո-2020-ի ուղեգրի համար: