Փաշինյանը խնդրանքով դիմել է Պուտինին

ՀՀ վարչապետը շնորհակալ է, որ Վլադիմիր Պուտինն արագ արձագանքել է խնդրանքին։ Հեռախոսազրույցը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի շարունակությունն է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով։ Փաշինյանն այս մասին գրել է Facebook-ի իր էջում։

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երեկ նրան մի խնդրանքով էի դիմել, որը կարևոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար: ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար»,– գրել է Փաշինյանը` չբացահայտելով, թե ինչ խնդրանքի մասին է խոսքը։

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքն էլ հայտնում է, որ այսօրվա հեռախոսազրույցը երկու երկրների առաջնորդների` երեկ Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի շարունակությունն է, որի ժամանակ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։

Խաղաղություն Ղարաբաղին. ի՞նչ է Փաշինյանը նվիրել Պուտինին. տեսանյութ

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

«Գիրքը «պրոհայկական» չէ». Փաշինյանը մեկնաբանել է` ինչու է Պուտինին Կազիմիրովի գիրքը նվիրել

ՀՀ ԱԳՆ–ն և վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին հայտարարել են, որ Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և մարդասիրական նոր ճգնաժամի։

Հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանի մայրաքաղաքում ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստում ՌԴ նախագահն անդրադարձել էր Սիրայի խնդրին` մասնավորապես նշելով, որ անհրաժեշտ է մոբիլիզացնել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ջանքերը` Սիրիայից այլ երկրների տարածք ահաբեկիչների ներթափանցումը կանխելու համար։

Սիրիայում գտնվող գրոհայիններն իրական սպառնալիք են ԱՊՀ երկրների համար. Պուտին