«Խաղողային» բողոք Հայաստանում․ գյուղացիները դժգոհ են մթերման ցածր գներից

Աղավնաձոր գյուղի բնակիչները որոշել են փակել Երևան-Եղեգնաձոր ճանապարհը, բայց համայնքապետը հորդորել է սպասել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել և դժգոհում են խաղողի մթերման ցածր գներից։ Նրանք պնդում են, որ այս տարի Պռոշյանի կոնյակի գործարանն առաջարկում է խաղող գնել անցած տարվա համեմատ կրկնակի ցածր գնով։

Հայաստանի օնլայն խանութներում կարելի է գնել սահմանամերձ գյուղերի հուշանվերները

Արենի խոշորացված համայնքի (Աղավնաձոր գյուղն ընդգրկված է այդ համայնքում) ղեկավար Հուսիկ Սահակյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ անցած տարի մթերողները «խարջի» տեսակի խաղողի 1 կգ–ը գնել են 470 դրամով, այս տարի բոլորովին այլ գին են առաջարկում։ Օրինակ` Պռոշյանի գինու գործարանը պատրաստ է 225-260 դրամով գնել` կախված խաղողի տեսակից։

Ընդ որում` գյուղի բնակիչներն իրենք պետք է արտադրանքը տեղափոխեն Արմավիրի մարզ, որտեղ գտնվում է ձեռնարկության մթերման բազան։

«Տաշի–տուշիին» կարոտելով. Տավրուս գյուղում մոռացել են մարդաշատ հարսանիքները

«Գյուղացիները բողոքում են, որ նման պայմաններում իրենց ամբողջ տարվա աշխատանքն անիմաստ է դառնում։ Նրանք վարկեր, պարտքեր ունեն, որոնք պետք է մարեն։ Իսկ նման գնով ուղղակի չեն կարող աշխատել։ Առաջարկում են գնել գոնե 300 դրամով», - ասաց Սահակյանը։

Կարկուտն այլևս ծեծած տեղը չի՞ ծեծի. ի՞նչ է շահելու գյուղացին գյուղապահովագրությունից

Գյուղի բնակիչները նույնիսկ ցանկացել են ի նշան բողոքի փակել Երևան-Եղեգնաձոր ճանապարհը, սակայն համայնքի ղեկավարը համոզել է նրանց սպասել հարցի լուծմանը։

«Հիմա հավաքվել, սպասում ենք նախարարին։ Հուսով ենք, որ հարցը լուծում կստանա», - ասաց համայնքապետը՝ նկատի ունենալով տարածքային կառավարման և ենթակառուցվածքի նախարար Սուրեն Պապիկյանին։

Սահակյանը հեռախոսով խոսել է նաև էկոնոմիկայի փոխնախարարի հետ, որը նույնպես խոստացել է զբաղվել այդ հարցով։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ձեռնարկությունից։ Այնտեղ խոստացան ուսումնասիրել իրավիճակը և տեղեկություն տրամադրել։

Տարեցների ու լռության գյուղը. ինչպես են Լիճքում աստիճանաբար մոռանում մանկան ծիծաղը