ՎՏԲ բանկի մասնաճյուղերից մեկը կրկին թալանել են

Չարագործները կոտրել են վճարային տերմինալի երկաթյա դռնակը և հափշտակել թղթադրամի և մետաղադրամի պահոցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Նոր Նորք մասնաճյուղը թալանել են։ Այս մասին հայտնում է samashyan.com–ը` նշելով, որ դեպքը գրանցվել է հոկտեմբերի 9-ին։

Գյումրիում որդին մորը կախված է գտել

Ըստ կայքի` ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ Վահե Պ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:00-ից 04:05-ն ընկած ժամանակահատվածում Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրադյան փողոցում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Նոր Նորքի մասնաճյուղին պատկանող վճարային տերմինալի երկաթյա դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և այնտեղից հափշտակել թղթադրամի և մետաղադրամի պահոցները:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Վահե Պ.-ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Նոր Նորք մասնաճյուղի կառավարիչն է:

Հիշեցնենք` բանկի մասնաճյուղերից մեկում գողության դեպք էր գրանցվել նաև այս տարվա սեպտեմբերի 23-ին։

Իսկ հուլիսի 28-ին պայթեցնելով բացել էին «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ–ին պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի դուռը և այնտեղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար: