Շաբաթվա ռեկորդը, կատակը, հայտնագործությունը, շահումը՝ 5 րոպեում

Եկեք անկեղծ լինենք։ Իրավացի էր «Նյու Յորք սան» թերթի հրատարակիչ Չարլզ Անդերսոն Դեյնան, երբ ժամանակին պնդում էր՝ «Եթե շունը կծել է մարդուն, դա նորություն չէ. այ եթե մարդն է կծել շանը՝ դա, անշուշտ, նորություն է»։
Sputnik

Քանզի աշխատանքային շաբաթը փաստորեն ավարտվել է, ամփոփենք և շաբաթվա այն հինգ նորությունները, որոնք իրոք նորություն են։ Ինչ-որ տեղ նույնիսկ անսովոր նորություն։ 

Շաբաթվա ռեկորդը, կատակը, հայտնագործությունը, շահումը՝ 5 րոպեում

Եվ այսպես՝ շաբաթվա ռեկորդը։ Այն պատկանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որի հանդիպումը լրագրողների հետ տևել է 14 ժամ։ Պատկերացրեք՝ սկսես խոսել առավոտյան ժամը 10-ին և ավարտես կեսգիշերին, պատասխանելով մոտ 300 լրագրողի հարցերին։ Այսպիսով Զելենսկին գերազանցեց Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսին, որն իր կիրակնօրյա հեռուստածրագրում մի անգամ խոսել է 8 ժամ շարունակ։ Ճիշտ է, Չավեսը ոչ միայն պատասխանում էր հարցերին, այլև հետաքրքիր պատմություններ պատմում և նույնիսկ երգում։ Իսկ երկարատև մամլո ասուլիսներ անցկացնելու նախկին ռեկորդը պատկանում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը երկու տարի առաջ լրագրողների հարցերին էր պատասխանել 7 ժամ շարունակ։

Շաբաթվա կատակը։ Ռուսաստանցի երկու հայտնի պրանկերները՝ Լեկսուսը և Վովանը զանգահարել են ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմին և խոսել Թուրքիայի պաշտպանության նախարարի անունից։ Այդ փաստը սենատորի գրասենյակը հաստատեց հինգշաբթի օրը։ Այս պրանկերները հաճախ են զանգահարում տարբեր քաղաքական գործիչներին և շոուբիզնեսի ներկայացուցիչներին և ներկայանում մեկ այլ քաղաքական գործչի անունից։ Անցած տարվա ամռանը նրանք զանգահարել էին ԵԱՀԿ-ի նախագահ Թոմաս Գրեմինգերին և ներկայացել որպես Նիկոլ Փաշինյան։  Բայց ամերիկացի սենատորի դեպքում մի շատ հետաքրքիր հանգամանք կա։ Լինդսի Գրեմը հրապարակավ ակտիվորեն հանդես է գալիս Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու օգտին, մինչդեռ հեռախոսային այս զրույցի ընթացքում խոսել է քրդերի դեմ։ Դե ինչ՝ քաղաքականությունը մաքուր բան չէ։

Պեսկով. Էլթոն Ջոնը սկզբում կասկածել է, որ զրուցում է Պուտինի հետ

Շաբաթվա հայտնագործությունը։ Կարո՞ղ եք ասել՝ մեր Արեգակնային համակարգի որ մոլորակը ունի ամենամեծ թվով արբանյակներ։ Մինչև այժմ ճիշտ պատասխանը Յուպիտերն էր, որի մոլորակների թիվը հասնում է 79-ի։ Այս շաբաթ ամեն ինչ փոխվեց, երբ Գիտության Քարնեգիի հաստատության աստղագետները հայտարարեցին, որ միանգամից 20 նոր արբանյակ են հայտնաբերել, որոնք պտտվում են Սատուրնի շուրջը։ Այսպիսով Սատուրնի արբանյակների թիվը հասավ 82-ի։ Աստղագետները նաև մրցույթ են հայտարարել նոր հայտնաբերված արբանյակների անվանումների համար։ Կարող եք մասնակցել։

Շաբաթվա շահումը։ Յուրոմիլիոնս եվրոպական վիճակախաղում այս շաբաթ ինչ-որ մեկը շահել է 170 միլիոն ֆունտ ստերլինգ։ Հայտնի է միայն, որ այդ ինչ-որ մեկը տոմսը գնել է Մեծ Բրիտանիայում։Նա միանգամից հայտնվել է հազար ամենահարուստ բրիտանացիների թվում և իր շահած գումարով գերազանցել է, ասենք, երգիչ Թոմ Ջոնսին, որի կարողությունը կազմում է 165 միլիոն։ Եվրոպական վիճակախաղն անցկացվում է Եվրամիության 9 երկրներում։ Բրիտանացիներից ոմանք հարցնում են՝ Բա հիմա, երբ մենք դուրս ենք գալիս Եվրամիությունից, այլևս հնարավորություն չե՞նք ունենալու մասնակցել այս վիճակախաղին։ Կազմակերպիչները հանգստացնում են՝ Եվրամիությունից եք դուրս գալիս, հո Եվրոպայից էլ դուրս չեք գալիս։

Կանանց թույլ են տվել ներկա լինել խաղին. ֆուտբոլիստներն ուրախությունից 14 գոլ են խփել

Եվ վերջապես՝ շաբաթվա սպորտային իրադարձությունը։  Մինչև այժմ Իրանում կանայք իրավունք չունեին ֆուտբոլային խաղերը դիտել մարզադաշտում՝ հեղափոխությունից հետո նրանց մուտքը խստիվ  արգելված էր, տրիբունաներում կարող էին նստել միմիայն տղամարդիկ։ Այս շաբաթ 40 տարվա ընթացքում առաջին անգամ 3500 տոմս վաճառվեց հատուկ կանանց համար։ Տոմսերը վաճառվեցին կայծակնային արագությամբ։ Ճիշտ է, կանայք էլի դժգոհ են՝ նրանց համար հատուկ տեղեր են նախատեսված՝ տղամարդկանցից առանձին։ Եվ կանայք ասում են՝ մենք իրար ենք կոտորում տոմսերի համար, իսկ 80 հազարանոց մարզադաշտում լիքը ազատ տեղեր կան։ Ինչևէ՝ կանանց մուտքը մարզադաշտ հաջողություն բերեց Իրանի հավաքականին։ Այն էլ ինչ հաջողություն։ Իրանցիները Կամբոջայի հավաքականին հաղթեցին ֆանտաստիկ հաշվով՝ 14։0։

Հողինակ՝ Արմեն Դուլյան