Պրանկերները Թուրքիայի պաշտպանության նախարարի անունից զանգել են ԱՄՆ–ի սենատորին

Ամերիկյան սենատորը հավատացել է, որ հեռախոսով շփվում է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ ու անկեղծացել կատակասեր լրագրողների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Ռուս հանրահայտ պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) զանգել են ԱՄՆ–ի սենատոր Լինդսի Գրեմին և ներկայացել որպես Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար։ Այդ մասին հաղորդում է Politico–ն։

Պարբերականի տվյալներով` պրանկերների հետ հանրապետականի զրույցի փաստը հաստատել են ԱՄՆ–ի սենատորի աշխատակազմում։

Լրագրողները հրապարակել են նաև զրույցի ձայնագրությունը, որը տեղի է ունեցել 2019թ–ի օգոստոսին։ Սովորաբար Գրեմը կոչ է անում խստացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները Սիրիայում ռազմական գործողության պատճառով, որն ուղղված է քրդերի դեմ։ Սակայն պրանկերների հետ շփվելիս նա հակառակ տեսակետ է հայտնել։

​«Ես ասել եմ նախագահ Թրամփին, որ Օբաման լուրջ սխալ է գործել` հույսը դնելով Քրդստանի աշխատավորական կուսակցության վրա», – հայտարարել է սենատորը` մտածելով, որ զրուցում է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ։

ՀՀ–ն ուշացել է տարհանման հարցում, իսկ ԱՄՆ–ն դավաճանել է քրդերին. փորձագետը` Սիրիայի մասին

Նրա կարծիքով` ՔԱԿ–ը մեծ խնդիր է։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ եթե ռազմական գործողություններ սկսվեն, ԱՄՆ–ն ստիպված կլինի պաշտպանել Անկարային «Սիրիայում առկա այդ սպառնալիքից»։

Երկխոսության ընթացքում Գրեմը խնդրել է «Աքարին» Ռուսաստանից չգնել զենիթային հրթիռային համակարգեր։

Հիշեցնենք` ավելի վաղ պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգել էին Մոգերինիին և ստիպել, որ նա անկեղծանա։

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

ՀՀ ԱԳՆ–ն և վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին հայտարարել են, որ Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և մարդասիրական նոր ճգնաժամի։