Փաշինյանի պատասխանն Ալիևին պետական մտածելակերպի դրսևորում է. Արփինե Հովհաննիսյան

Նախկին իշխանության ներկայացուցիչները դրական գնահատականներ են տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ադրբեջանի նախագահին տված պատասխանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Facebook-ում գրառում է արել և անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին հաջորդած պատասխանին։

«Լավին՝ լավ, վատին՝ վատ։ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ալիևին պետական մտածելակերպի դրսևորում է։ Ոչ մի քայլ նահանջ այս մտածողությունից։ Հենց այստեղ է մեր միասնականության բանալին»,– գրել է նա։

Փաշինյանի պատասխանին դրական էր արձագանքել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ՀՀ վարչապետի ելույթը «տեղին» որակելով։

Փաշինյանը հակադարձել է Ալիևին

Հիշեցնենք` այսօր Աշխաբադում ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում Իլհամ Ալիևը Հայաստանի հերոսի Գարեգին Նժդեհին անվանել է նացիստների աջակից, որին հերոսացրել է Հայաստանի նախկին իշխանությունը։

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև բանավեճ է ծավալվել, որի ընթացքում Փաշինյանը շեշտել է, որ Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, ընդդեմ Հայոց ցեղասպանության, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Նժդեհը ռուս բազմաթիվ սպաների հետ 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ընթացքում ղեկավարել է շատ կարևոր ռազմաճակատի մի մասը:

Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք են հայ ժողովրդի համար, ապա նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների և ժողովուրդների նկատմամբ, որոնց ներկայացուցիչներն այս պահին գտնվում են Աշխաբադում։

Փաշինյանը Թուրքմենստան է մեկնել հոկտեմբերի 10-ի երեկոյան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: