ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը տեղին էր։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այս մասին գրել է Facebook-ի իր էջում` արձագանքելով Թուրքմենստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տված պատասխանին։
«Նիկոլի պատասխանը տեղին էր։ Հայաստանում նախկիններին դեմոնիզացնելու հետևողական արշավից ոգևորված՝ Ալիևը առիթավորվել էր, սևացնելու փորձ անելով Գարեգին Նժդեհին և մեղադրելով Հանրապետական կուսակցությանը։ Նիկոլի պատասխանը տեղին էր»,– գրել է Աշոտյանը։
ՀՀԿ նախագահին գոհացրել է այն հանգամանքը, որ Փաշինյանը մի կողմ է դրել ներքաղաքական օրակարգն ու առաջնորդվել պետականով։
Հիշեցնենք` այսօր Աշխաբադում ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում Իլհամ Ալիևը Հայաստանի հերոսի Գարեգին Նժդեհին անվանել է նացիստների աջակից, որին հերոսացրել է Հայաստանի նախկին իշխանությունը։
Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև բանավեճ է ծավալվել, որի ընթացքում Փաշինյանը շեշտել է, որ Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, ընդդեմ Հայոց ցեղասպանության, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Նժդեհը ռուս բազմաթիվ սպաների հետ 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ընթացքում ղեկավարել է շատ կարևոր ռազմաճակատի մի մասը:
Փաշինյանը լուսանկար է հրապարակել Աշխաբադից
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք են հայ ժողովրդի համար, ապա նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների և ժողովուրդների նկատմամբ, որոնց ներկայացուցիչներն այս պահին գտնվում են Աշխաբադում։
Հիշեցնենք `Փաշինյանը Թուրքմենստան է մեկնել հոկտեմբերի 10-ի երեկոյան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: