ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը սիրահայերին ընդունելու հարցում որևէ սահմանափակում չունի։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Թուրքական բանակի ներխուժման հետևանքով վտանգի տակ են հայտնվել Սիրիայի այն բնակավայրերը, որտեղ հայեր են բնակվում։ Մասնավորապես, մարտեր են ծավալվում Կամիշլի քաղաքի մերձակայքում, իսկ այնտեղ մոտ 3 հազարանոց հայ համայնք կա։
«Մենք մշտական կապի մեջ ենք համայնքի ղեկավարի հետ, փորձում ենք հասկանալ,` ինչի կարիք ունեն նրանք։ Անհրաժեշտության դեպքում կօգնենք այն ամենով, ինչ հնարավոր է։ Սակայն պետք է հասկանալ, որ ավիացիայով մարդասիրական օգնություն ուղարկելն անհնար է», – նշել է Գրիգորյանը։
Քաղաքի շուրջ մարտական գործողություններ են ընթանում։ Ինչպես նշեց Գրիգորյանը, Հայաստանի ղեկավարությունը մարդասիրական օգնությունից բացի, պատրաստ է ընդունել Սիրիան լքելու ցանկություն ունեցող հայերին։
Մելքոնյան. «Սիրիայում թուրքական զինուժի ներխուժումից հետո իրավիճակը խիստ վտանգավոր է»
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայում` Քրդստանի աշխատավոր կուսակցության և «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված կազմակերպություն) դեմ ուղղված «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին։
Հայ ընտանիքների մեծ մասը լքել է թուրքական ներխուժման գոտու առավել վտանգավոր շրջանը։ Թել Աբյադում գտնվող 16 ընտանիքից 14-ը տարհանվել են Հասեկե քաղաք (ներխուժման վայրից դուրս)։
Սիրիայում գտնվող գրոհայիններն իրական սպառնալիք են ԱՊՀ երկրների համար. Պուտին