ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik.Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականն այսօր Գյումրիում անցկացրեց Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական երրորդ հանդիպումը և 2։0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի թիմին։
Հավաքականը հաղթանակի հասավ Ռուդիկ Մկրտչյանի և Արթուր Դանիելյանի գոլերի շնորհիվ։
Երկու թիմերն էլ շատ անհաջող էին մեկնարկել ընտրական մրցաշարում: Հայաստանի երիտասարդական հավաքականը կրել էր երկու պարտություն, իսկ Լյուքսեմբուրգի հավաքականը երեք հանդիպում էր անցկացրել ու երեքում էլ պարտվել:
Պարզ էր, որ այս խաղում մեր հավաքականը ֆավորիտ էր համարվում, և հանդիպման առաջին խաղակեսի ընթացքում մերոնք կարող էին բացել խաղի հաշիվը: Բայց Լյուքսեմբուրգի երիտասարդական դարպասապահ Թիմ Կիպսը երկու դեպքում էլ հիանալի գործեց: Իսկ մինչ ընդմիջում գնալը Կիպսը, հերթական անգամ փրկելով իր թիմին, «վերջին հույսի» խախտում թույլ տվեց ու հեռացվեց խաղադաշտից:
Հայաստանի հավաքականը ստացավ թվային առավելություն, ու երկրորդ կեսում պետք էր սպասել մեր թիմի ակտիվության զգալի աճի: Եվ այդպես էլ եղավ: Մեր երիտասարդականը թվային առավելությունը վերածեց խաղայինի, իսկ հետո էլ առաջ անցավ հաշվում:
Հարձակման աջ եզրում Արմեն Նահապետյանը շատ լավ անցումով շրջանցեց մի քանի խաղացողի ու ճշգրիտ փոխանցումով հարվածի դուրս բերեց Ռուդիկ Մկրտչյանին, որն էլ նպաստավոր դիրքից չվրիպեց:
Խփած գնդակը, բնականաբար, ոգևորեց մեր թիմին, և ունենալով նաև թվային առավելություն` հայ երիտասարդ ֆուտբոլիստներին հաջողվեց զարգացնել հաջողությունը: Խաղի ավարտից հինգ րոպե առաջ Արթուր Դանիելյանը կրկնապատկեց մերոնց առավելությունը: Երկու գնդակի առավելությունը ինչ–որ տեղ հանգստացրեց մեր ֆուտբոլիստներին, և հանդիպման վերջին վայրկյաններին հյուրերը կարող էին կրճատել հաշիվը:
Կանանց թույլ են տվել ներկա լինել խաղին. ֆուտբոլիստներն ուրախությունից 14 գոլ են խփել
Մեր ընտրանու դարպասին նշանակվեց 11–մետրանոց հարված, բայց դարպասապահ Սևակ Ասլանյանն իր հիանալի ռեակցիայի շնորհիվ հետ մղեց հարվածը` անառիկ պահելով դարպասը:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի երիտասարդական հավաքականն անցկացնելու է հոկտեմբերի 14-ին: Այդ օրը Երևանում մեր թիմի մրցակիցն է լինելու Իտալիայի երիտասարդական հավաքականը:
Հնարավո՞ր է հաղթել Ֆինլանդիային. Ջորկաեֆը նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր հաղթաթուղթը