«Փախչեն-գնան, ոչ մեկին չկարողանանք բռնենք. հեչ հաճելի գործ չէ». պետգնումների հարցը կլուծվի

Ֆինանսների նախարարությունը որոշակի փոփոխություններ է առաջարկում պետական գնումների ընթացակարգերում։ Ընկերությունները ստիպված կլինեն բանկային երաշխիքներ ներկայացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ոչ մի ֆեյք ընկերություն այլևս չի կարողանա մասնակցել պետգնումներին։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է պետական գնումներին մասնակցել ցանկացող ընկերություններից պահանջել բանկային երաշխիք։

Կառավարությունում քննարկել են պետգնումների համակարգը. Փաշինյանը մանրամասները կհայտնի հետո

«Դրա արդյունքում կարող է հիմնավորվի, որ լիքը ընկերություններ կան, որոնք ցույց են տալիս, որ իրենք ընկերություն են, բայց իրականում ընկերություն չեն։ Պետք է հրաժարվենք այս բանից, թե չէ` անգամ այդ ընկերությունների հետ գործ բռնելիս մեզ վրա ամեն ինչը 10 անգամ ավելի թանկ է նստում, ու մենք ոչ մի արդյունք էլ չենք ունենում։ Շինծու ընկերությունների հարցը սրանով լուծվում է, ու ոչ մի ֆեյք ընկերություն այլևս չի կարող մասնակցել պետգնումներին»,– ասաց վարչապետը։

Ուզում ես դպրոցականներին հաց ու միս մատակարարե՞լ. պետգնումների կարգը կպարզեցվի

Նա նշեց, որ այդ երևույթն առկա է անգամ ռազմարդյունաբերության ոլորտում։

Փաշինյանը կարևորեց, որ ռիսկերը կառավարվեն նախօրոք, այլ ոչ թե հետո հարուցվեն քրեական գործեր ու տարիներով փորձեն արդարության հասնել։

«Պետգնումների հետ կապված` տասնյակ քրեական գործեր ունենք և այդ քրեական գործերով` 5 ամիս փորձաքննություն, 6 ամիս` մեկ այլ բան։ Այդ ընթացքում փախչեն–գնան, ոչ մեկին չկարողանանք բռնենք։ Հեչ հաճելի գործ չէ։ Սրանով այս հարցը կլուծվի»,– ասաց վարչապետը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հիշեցրեց, որ բանկային երաշխիքի պահանջը չի տարածվելու օրենքի փոփոխության ընդունումից առաջ կնքված պայմանագրերի վրա։

Դավիթ Սանասարյանը հիշեց անմեղության կանխավարկածի մասին. ինչպես ասում են` բարև ձեզ

Նոր օրենքով, 10 մլն դրամի գնման պայմանագրի դեպքում, ընկերությունը ստիպված կլինի նախապես բանկային երաշխիք ներկայացնել։