ՀՀ–ն ուշացել է տարհանման հարցում, իսկ ԱՄՆ–ն դավաճանել է քրդերին. փորձագետը` Սիրիայի մասին

Թեև հիմա գերտերություններն աչք են փակում Թուրքիայի ներխուժման վրա, վաղ թե ուշ նրանք կսկսեն Թուրքիային դուրս մղել սիրիական տարածքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Սիրիայում թուրքական գործողությունը չափազանց հակասական և քաղաքական բարդ իրադրության հետևանք է։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Իսրայելի բաժնի աշխատակից Սերգեյ Մելքոնյանը։ Նրա կարծիքով` պետք չէ մտածել, որ Անկարան ամեն ինչ կարող է անել Սիրիայում։ Կան «կարմիր գծեր», որոնք Թուրքիան չի կարող հատել։

Մելքոնյան. «Սիրիայում թուրքական զինուժի ներխուժումից հետո իրավիճակը խիստ վտանգավոր է»

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Մելքոնյանի կարծիքով` թեև հիմա ԱՄՆ–ն ու Ռուսաստանը աչք են փակում Թուրքիայի ներխուժման վրա, վաղ թե ուշ այդ գերտերությունները կսկսեն Թուրքիային դուրս մղել սիրիական տարածքից։ Ասվածը վերաբերում է հատկապես Մոսկվային, որի համար Սիրիայում գործողությունների հիմնական լեյտմոտիվը երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն է։

«Նույն դիրքորոշումն ունի նաև Իրանը։ Ուստի ինձ թվում է, որ Մոսկվան մենակ կամ Իրանի հետ կամաց–կամաց դուրս է մղելու թուրքերին», – նշեց Մելքոնյանը։

Հայաստանում թուրքական բանակի գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացրել սիրիահայերի անվտանգության առումով, որոնք բնակվում են Սիրիայի հյուսիս–արևելքում։ Այդ շրջաններում հայերի ընդհանուր թիվը մոտ 3-3,5 հազար է։ Նրանք հիմնականում կենտրոնացած են Կամիշլի քաղաքում (400-500 ընտանիք)։ Հայեր կան նաև Դերիկ, Թել Աբյադ գյուղերում, Ռաս Ալ Այն քաղաքում։ Երևանում արդեն հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում հայ բնակչության տարհանում կկազմակերպվի։

Սիրիահայությունը չի ցանկանում դատարկել երկիրը. ռմբակոծվող շրջաններում 500 հայ ընտանիք կա

Մեր զրուցակիցը կարծում է, որ տարհանման համար Հայաստանի հնարավորությունները չափազանց սահմանափակ են։ Երևանում չկան իրավիճակի վրա ազդելու լծակներ և գործիքներ։

«Տարհանումը կարելի էր կազմակերպել կա՛մ ԱՄՆ–ի միջնորդությամբ, որն այնտեղ սահմանափակ ներկայություն ունի, կա՛մ Ռուսաստանի օգնությամբ, որի հետ Հայաստանը մարդասիրական առաքելություն է իրականացնում Հալեպում։ Բայց այդ ամենը պետք էր նախօրոք անել։ Հիմա չեմ պատկերացնում, թե դա տեխնիկապես ինչպես է հնարավոր անել», – ասում է Մելքոնյանը։

Հայերին տարհանել են Սիրիայի Թել Աբյադից. անհրաժեշտության դեպքում նրանց կտեղափոխեն Հայաստան

Անդրադառնալով սիրիական հանգույցի աշխարհաքաղաքական բաղադրիչին` արևելագետը նշում է, որ ամերիկացիները հերթական անգամ խաբեցին քրդերին։ Տեսականորեն դրությունը կարելի էր փրկել, եթե քրդերը ժամանակին հավատարմություն հայտնեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Հիմա դժվար է դա անել։ Սակայն այդ դեպքում էլ ամեն ինչ հարթ չէր լինի։

Ինչպես կարծում է Մելքոնյանը, եթե Ասադը փորձեր իր ազդեցությունը տարածել քրդաբնակ շրջանների վրա, ապա նա անմիջականորեն կբախվեր ամերիկացիների հետ, որոնք զինել են քրդական խմբավորումները։

Նշենք, որ նախնական տվյալներով` Թուրքիայի` սիրիական տարածք ներխուժելու հետևանքով արդեն մահացել են 8 խաղաղ բնակիչ, ևս 20–ը վիրավորվել են։

Հայաստանը Սիրիայի հայերի անվտանգությունն ապահովելու հնարավոր տարբերակներ է քննարկում