ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ մի քանի անգամ բարձրացվել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնանկության հարցը: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։
«Թեման կապված է եղել այս կամ այն խնդրում ունեցած շոշափելի բացթողումների հետ, որոնց կապակցությամբ խնդիրներ են ծագել մեր միջազգային գործընկերների հետ: Մեր աղբյուրների պնդմամբ, այս օրերին հարցը կարծես նորից օրակարգ է եկել, քանի որ վարչապետը պարզապես զայրացած է Արցախյան հարցի հետ կապված առկա զարգացումների ու հատկապես Ռուսաստանի դիրքորոշումների առումով»,– գրում է պարբերականը։
Թերթ հիշեցնում է, որ օրերս «Վալդայ» ակումբի հերթական քննարկման ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդես եկավ բավական անսպասելի ու կոշտ հայտարարությամբ՝ նշելով, թե «ԼՂՀ բանակցային գործընթացը մտնում է փակուղի»:
«Հիշատակելով Փաշինյանի հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», Լավրովը փաստացի հասցեական մեղադրանք է հնչեցրել Հայաստանի հասցեին: Ընդ որում, երևի թե առաջին անգամ: Եվ ահա, մեր աղբյուրների պնդմամբ, այս հայտարարությունից հետո զայրացած Փաշինյանը մտադիր է Զոհրաբ Մնացականյանին ազատել ԱԳ նախարարի պաշտոնից, քանի որ պատշաճ աշխատանք չի կատարվել Ռուսաստանի հետ և լիարժեքորեն չի ներկայացվել վերոնշյալ հայտարարության իմաստն ու ընդհանրապես Հայաստանի ներկայիս իշխանությունների դիրքորոշումները»,– նշված է հոդվածում:
Հակոբյան. «Եթե բանակցային գործընթացում առաջխաղացում չկա, բացարձակապես անսպասելի չէ»
Թերթը նշում է նաև` ի վերջո, նորություն չէ, որ տարիներ շարունակ բանակցային գործընթացը խափանել ու պատերազմատենչ հռետորաբանությամբ մշտապես աչքի է ընկել Ադրբեջանը:
Սարգսյան․ «Ալիևի հայտարարությունից հետո մենք պետք է դիվանագիտական նոտայով դիմենք ՄԱԿ-ին»