ԵԱԶԲ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ներդրումների նախագիծը

«Զվարթնոց» օդանավակայանն անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել իր նախագծերից մեկի վերաբերյալ, Եվրասիական զարգացման բանկում քննարկում են այն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) քննարկում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նախագծերից մեկի ֆինանսավորումը Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Մենք ստացել ենք բիզնես մոդել, փաստաթղթեր, որոնք պահանջել ենք «Զվարթնոցից»։ Որոշ հարցեր են ծագել, հիմա դրանք քննարկում ենք բանկի ներսում, դեռ չենք կողմնորոշվել», – ասաց Մելկիկյանը։

Նրա խոսքով` «Զվարթնոցը» ուզում է վերակառուցել տերմինալները, բացի դրանից, նրանք ունեն շրջանառու կապիտալի հետ կապված նախագիծ։ ԵԱԶԲ–ն դիտարկում է երկու նախագծերը, բայց տերմինալի ֆինանսավորման վերաբերյալ առայժմ առաջարկ չի ստացել օդանավակայանից։

ԵԱԶԲ–ն պատրաստ է մասնակցել Հայաստանում կանաչ էներգետիկայի նախագծերին

«Երկրորդ տարբերակի վերաբերյալ պատասխանը դեռ չենք տվել։ Հասկանո՞ւմ եք` մենք սահմանափակում ունենք, մենք պետք է ֆինանսավորենք նախագծերը, որոնք ունեն ինտեգրացիոն նշանակություն», – նշեց Մելկիկյանը։

Նրա խոսքով` ոչ միշտ է ստացվում ֆինանսավորել շրջանառու միջոցները։

Հիշեցնենք` բանկի կառավարման նախագահ Անդրեյ Բելյանինովը Ալմաթի–Բիշքեկ–Դուշանբե–Երևան–Մինսկ–Մոսկվա–Նուր Սուլթան տեսակապի ժամանակ էր հայտնել, որ ԵԱԶԲ–ն մտադիր է մասնակցել «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցմանը։